ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին առանձնազրույցի, այնուհետեւ ընդլայնված ձեւաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումներ է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի, Ազգային ժողովի նախագահ Նիկոլա Մինչեւի, արտգործնախարար Թեոդորա Գենչովսկայի եւ մշակույթի նախարար Աթանաս Աթանասովի հետ:
Հանդիպումներում բարձր է գնահատվել դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-բուլղարական միջպետական հարաբերությունների առկա մակարդակը: Պատրաստակամություն է հայտնվել առավել ակտիվացնելու երկու երկրների միջեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությունը։
Քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Կողմերն անդրադարձել են նաեւ առեւտրաշրջանառության եւ ներդրումների ծավալների ավելացման հնարավորություններին եւ կարեւորել այս ոլորտներում առկա զգալի ներուժի իրացումը: Մասնավորապես, կարեւորվել է Երեւանը եւ Սոֆիան կապող ուղիղ ավիաչվերթի ծրագրի կյանքի կոչումը:
Մշակույթի նախարար Աթանաս Աթանասովի հետ ստորագրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Բուլղարիայի մշակույթի նախարարության միջեւ մշակույթի բնագավառում 2022-2025 թվականների համագործակցության մասին ծրագիրը։
Բուլղարիայում տեղի ունեցած հանդիպումներում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի իրագործած ջանքերը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:
Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հիմնախնդրի տեւական եւ համապարփակ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը:
Նախարար Միրզոյանն անդրադարձել է նաեւ 44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար իրավիճակին, մասնավորապես Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման, Ադրբեջանի կողմից Արցախում միտումնավոր կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին: