Արդեն երեք տարի հունիսի 14-ին՝ Խորհրդային տարիների բռնադատվածների հիշատակի օրը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), իր եւ գործընկերների ջանքերը համախմբելով, կազմակերպում է միջոցառումներ, որոնք անդրադառնում են ոչ վաղ անցյալի փակ էջերին, պատմությանը, բռնությանն ու իշխանությանը։
Այս տարի հունիսի 14-ին ԵՀՀ-ն ներկայացրեց «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրի շրջանակում իրականացված նախագծերը՝ Վարդան Հարությունյանի «Քաղաքական նկատառումներով դատապարտված անձանց դատավճիռների բողոքարկում» ծրագիրը, Նիկոլ Մարգարյանի եւ Աղասի Թադեւոսյանի «Քրեական («գողական») խոսվածքի բացատրական բառարանը», «Ֆակտում» ՀԿ-ի (Տիգրան Պասկեւիչյան, Սաթենիկ Ֆարամազյան) կազմած «Ցուրտ հայրենիք. վկայություններ աքսորից» ժողովածուն։
Այս ծրագրերն ու հրապարակումներն անմիջականորեն առնչվում են խորհրդային ժամանակաշրջանի բռնություններին, հայերի 1949 թվականի զանգվածային աքսորին, բռնության եւ իշխանության կապին։
Միջոցառման երկրորդ մասում ներկայացվեց «Չորս պատմություն իշխանության մասին» գիրքը, որում տեղ են գտել Նաիրա Մկրտչյանի, Գեւորգ Տեր-Գաբրիելյանի, Վարսեր Կարապետյանի եւ Արմեն Գրիգորյանի հոդվածները։
Գրքում դիտարկվում են իշխանության բնույթը եւ զարգացումը, պետական իշխանության վերաբերյալ պատկերացումների զարգացման գործընթացը՝ անցում կատարելով մարդու նկատմամբ իշխանություն կիրառելու գաղափարից դեպի մարդու իրավունքների վրա հիմնված ժամանակակից իշխանական մոդելներ։
Ինչպես ամեն տարի, 2022 թվականին եւս ԵՀՀ-ն հայտարարում է արդեն ավանդույթ դարձած ստեղծագործական-խորհրդանշական «Հունիսի 14»․ խորհրդային ժամանակների աքսորի վերաբերյալ բանավոր պատմությունների մրցույթը, որի հայտարարությունը հասանելի է այս հղումով։