Եվրահանձնաժողովի Առողջապահության արտակարգ իրավիճակների պատրաստության եւ արձագանքման գրասենյակը (HERA) պայմանագիր է կնքել «Bavaria Nordic»-ի հետ կապիկի ծաղիկ վարակի դեմ 110 հազար չափաքանակի պատվաստանյութ գնելու մասին: Դրանք նախատեսված են ԵՄ երկրների, ինչպես նաեւ Նորվեգիայի եւ Իսլանդիայի համար:
Եվրահանձնաժողովի ստորաբաժանման ներկայացուցիչները նաեւ նշել են, որ առաջին անգամ ԵՄ ընդհանուր բյուջեի միջոցները կօգտագործվեն պատվաստումների վճարման համար, որոնք այնուհետեւ կարող են բաշխվել ԵՄ երկրների միջեւ։
Ըստ Եվրահանձնաժողովի տվյալների՝ մայիսի 18-ից ի վեր կապիկի ծաղիկի մոտ 900 դեպք է գրանցվել Նորվեգիայում, Իսլանդիայում եւ ԵՄ 19 երկրներում (Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա եւ Մալթա):