ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ն աշխատանքային այցով կմեկնի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
«Ակնկալվում է դիտարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի ողջ համալիրը՝ համաձայն փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ստորագրված դաշնակցային փոխգործակցության հռչակագրի դրույթների»,- հայտնել է Զախարովան:
Զախարովան նշել է նաեւ, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկելու են տարածաշրջանային ու միջազգային հրատապ հարցեր, հատուկ ուշադրություն է հատկացվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու ընթացքին: