ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2021-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանն իր եզրափակիչ ելույթում հայտարարել է, որ ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա, սակայն Հայաստանի կառավարությունն ունի կամք, վճռականություն՝ այդ ճանապարհն անցնելու:
Նա նշել է, որ Հայոց պետականության նավը հայտնվել է խռովահույզ փոթորիկի հորձանուտում, որովհետեւ, ըստ էության, ամբողջ աշխարհն է հայտնվել խռովահույզ փոթորիկի հորձանուտում:
«Ոչ մեծ, ոչ փոքր պետությունների գոյությունը, ցավոք, երաշխավորված չէ: Եվ միակ երաշխիքը, որ կարող է լինել պետության ու անվտանգության համար, համապարփակ խաղաղությունն է»,- ընդգծել է Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ համապարփակ անվտանգությունն այն է, երբ հարեւանների հետ հարցերը լուծված, կարգավորված են, սահմանները սահմանազատված եւ սահմանագծված են, խաղաղությունն էլ՝ դե յուրե հաստատված:
Փաշինյանը ընդգծել է, որ մի բան հաստատ կարող է երաշխավորել, որ հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն ԼՂ-ի, այլ նաեւ Հայաստանի կործանման:
«Եվ մենք, իհարկե, սա թույլ տալ չենք կարող: Եվ ուրեմն հայ ժողովրդին, Հայաստանի ժողովրդին կոչ եմ անում համախմբվել խաղաղության օրակարգի շուրջ, Հայոց պետականության եւ նրա շահերի շուրջ, որովհետեւ չկա ավելի կարեւոր ու բարձր բան, քան Հայաստանի Հանրապետությունն ու նրա պետական շահերը»,- եզրափակել է Փաշինյանը: