ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ջուլիան Սմիթը հայտարարել է, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան կարող են մասնակցել հունիսի 28-30-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրյալ երկրների կարգավիճակում: Դրանից հետո Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերը։
Ըստ բրիտանական The Guardian պարբերականի՝ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Աքիֆ Չաղաթայ Քըլըչը նախօրեին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է առաջիկա տարում արգելափակելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ, եթե չտեսնի, որ նրանք կատարում են իր պահանջները։
«Սա կենսական ազգային շահի հարց է, եւ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մեկ տարով հետաձգելու նրանց անդամակցությունը։ Թուրքիան ՆԱՏՕ-ում երկրորդ խոշորագույն բանակն ունի եւ անօդաչու սարքեր է մատակարարում Ուկրաինային պաշտպանվելու համար: Մենք ավելի մեծ հարգանքի ենք արժանի»,- ասել է Քըլըչը:
Ըստ Քըլըչի՝ միակ բանը, որին ձգտում է Անկարան, քրդական մի շարք կազմակերպությունների ահաբեկչական ճանաչելն է։