Ամերիկյան National Interest-ը գրում է, որ Կիեւը պետք է մտածի Ռուսաստանին զիջումների մասին, քանի որ ձգձգվող հակամարտությունը սպառնում է Ուկրաինայի գոյությանը:
Հոդվածագիրը նշել է, որ Ռուսաստանը փոխեց ռազմավարությունը, հրաժարվեց Կիեւը գրավելուց եւ շեշտը դրեց վիճելի շրջանների վրա՝ ավելի մոտ Ռուսաստանի սահմանին:
Ռազմավարության այս փոփոխությունից հետո հակամարտությունը մտել է որոշակի փակուղի, քանի որ Ռուսաստանը վերջին շաբաթների ընթացքում կայուն նվաճումներ է գրանցում Լուգանսկի մարզում:
Քանի որ Ռուսաստանը գրավում է Ուկրաինայի տարածքի մոտավորապես մեկ հինգերորդը, Արեւմուտքում որոշ հայտնի դեմքեր սկսել են կասկածի տակ դնել Արեւելյան Եվրոպայում ձգձգվող հակամարտության կենսունակությունը: Սակայն Կրեմլի վրա պատասխանատվությունը դնելու փոխարեն խաղաղության վերսկսման կոչերն ավելի շատ ուղղված են Ուկրաինային: Այդ հարցում պարբերականն առավել ուշագրավ է համարել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի առաջարկն այն մասին, որ Ուկրաինայի ղեկավարությունը պետք է քննարկի տարածքների հանձնման հարցը՝ հրադադարի դիմաց: Դրանից հետո Քիսինջերը հռչակվել է «Ուկրաինայի թշնամի»։
Ռուսաստանին Ուկրաինայի զիջումների մասին է սկսել խոսել նաեւ Վաշինգտոնը: ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարել է, որ Կիեւը պետք է ինքը լուծի տարածքային զիջումների հարցը:
Նա միաժամանակ վստահեցրել է, որ ԱՄՆ-ը եւ արեւմտյան երկրները շաբաթական յոթ օր, օրական 24 ժամ աշխատում են՝ համոզվելու համար, որ ուկրաինացիները «ստանում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է» Ռուսաստանի դեմ մարտական գործողություններ վարելու համար:
Պարբերականը մեջբերել է Կիեւի էկոնոմիկայի ինստիտուտի հետազոտությունը, ըստ որի՝ ՌԴ հատուկ ռազմական գործողությունից ի վեր Ուկրաինան ունեցել է մինչեւ 600 միլիարդ դոլարի կորուստ: Դրանից 92 միլիարդը ենթակառուցվածքներն են. Ուկրաինայի 195 գործարաններ այլեւս չեն աշխատում: Երկրի բիզնես միջավայրին հասցված վնասը հսկայական ազդեցություն է ունեցել տնտեսության վրա, որը, Համաշխարհային բանկի կանխատեսմամբ, գրանցելու է մինչեւ 45% անկում: