ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ 2022-ի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի` վճարային քարտերով գործարքներ կատարելու պահանջների մասին դրույթը:
Ըստ այդմ՝ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ունենալ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ (POS-տերմինալներ) եւ հաճախորդի պահանջով` անկախ գումարի չափից ընդունել անկանխիկ վճարում:
«Սա նշանակում է, որ հուլիսի 1-ից վճարային գործիքներ կիրառելու պարտավորություն ունեցող բոլոր սուբյեկտները, բացառությամբ կրպակների, պարտավոր են քաղաքացու ցանկությամբ ընդունել վճարումը քարտի միջոցով՝ կանխիկի փոխարեն»,- ասված է հայտարարության մեջ։
Ըստ նախարարության՝ նոր օրենքի կիրառումն, անկանխիկ գործարքների ծավալը մեծացնելուց զատ, կնպաստի նաեւ անկանխիկ գործարքների դեպքում 10% հետվճարի ծրագրի լիարժեք իրականացմանը։
Ավելի վաղ հրապարակվել էր ՀՀ արդարադատության նախարարության իրազեկումը 2022-ի հուլիսի 1-ից «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը ուժի մեջ մտնելու մասին։
Իսկ պետական գրանցման ենթակա գործարքների (ավտոմեքենայի, անշարժ գույքի եւ այլնի առուվաճառք կամ ֆիզիկական անձանց միջեւ փոխառություններ) դեպքում պարտադիր անկանխիկ եղանակով կատարման ենթակա են այն գործարքները, որոնց շեմը գերազանցում է 500 հազար ՀՀ դրամը:
Հուլիսի 1-ից մի շարք գործարքներ օրենքի ուժով պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով, նշված օրենքի պահանջները չկատարելու դեպքում գործարքը կհամարվի առ ոչինչ եւ անվավեր: