Արդյոք չի՞ ուշացել այս գործընթացը։ Իհարկե ուշացել է։ Իրականում, երանի հաշտեցման անհրաժեշտություն ստեղծող հակասություններ չլինեին։ Մեր ողջ մտահոգությունը դա է։ Սակայն կյանքն այդպիսին է. մարդիկ խռովում են, բայց հետո պետք է կարողանան հաշտվել։ Հուսանք՝ դեպի խաղաղություն գնացող ճանապարհին երկու կողմերն էլ լավ, հստակ քայլեր կձեռնարկեն եւ խելացի, գիտակցված որոշում կկայացնեն։
Ըստ իս, [կարգավորման ուշացման] ամենակարեւոր պատճառներից մեկը ժամանակն է։ Միջազգային հարաբերություններում ժամանակը շատ կարեւոր է։ Ժամանակը չէր եկել, այսպես ասենք։ Բայց ինչո՞ւ ժամանակը չէր եկել, որովհետեւ, գուցե Հայաստանում սա այնքան էլ չի ընդունվում, Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները միշտ առաջին պլան են գալիս, որովհետեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները շատ ավելի խոր են։
Մեր տեսանկյունից դա շատ կարեւոր է, բայց մեր տեսանկյունից Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նույնպես շատ կարեւոր են։ Եթե հարցնեք՝ որն է գերադասելի, ես՝ որպես թուրք, կասեմ՝ իհարկե Ադրբեջանը։
Մեզ մոտ հայտնի մի խոսք կա՝ մեկ ազգ, երկու պետություն։ Սա, իհարկե, մեր հայ ընկերներին այնքան էլ խելամիտ չի թվում, բայց թուրքերի տեսանկյունից մեզ համար շատ խելամիտ է այս մոտեցումը։ Իհարկե, չենք ակնկալում, որ մեզ խելամիտ թվացող ամեն ինչը ձեզ նույնպես խելամիտ թվա։
Սա չի նշանակում, որ Թուրքիա-Հայաստան հարաբերություններն անկարեւոր են։ Շատ կարեւոր են, եւ այս կարեւորությունը նաեւ երեւում է մեր քաղաքականության մեջ եղած փոփոխություններում։ Հուսանք՝ սրան ի պատասխան Հայաստանից եւս նույն վերաբերմունքը կտեսնենք։
Ես միշտ հետեւյալն եմ ասում․ հայերի տեսանկյունից ցեղասպանության հարցն ինքնության հարց է։ Այսինքն՝ ես շատ սիրելի հայ ընկերներ ունեմ, նրանցից յուրաքանչյուրի համար ցեղասպանությունը սոսկ անցյալում տեղի ունեցած մի բան չէ։ Կարծես երեկ եղած լինի։ Այսինքն՝ դուք սրա հետ ապրող մարդիկ եք։ Իսկ սա Թուրքիայում այնքան էլ լավ չեն հասկանում։ Եվ քանի որ չեն հասկանում, չհասկացվող բաները միշտ այսպիսի խոչընդոտներ են ստեղծում։
Ձեզ համար ավելի դժվար է, որովհետեւ դուք այդ տրավման երբեք չեք մոռանալու։ Ես սա իրատեսորեն եմ ասում։ Այսքան տարի, ես արդեն 84 տարեկանի շեմն անցել եմ, գիտեմ, որ պատմությունից բխող մեծ հիասթափություններն այդքան հեշտ չեն վերջանա։ Սրա վերջանալն էլ մեզնից է կախված։ Պետք է կանխենք դրա հետ ապրելու հնարավորությունը, հակառակ դեպքում երազանքների էլ չպետք է տրվել։
Կարծում եմ՝ այս մտորումները Թուրքիայում մի շարք մարդիկ եւս ունեն։ Եվ նույն կերպ կարծում եմ, որ Հայաստանում եւս կան այդպես մտածող մարդիկ։ Այսինքն՝ Թուրքիայի այս նոր քաղաքականության նկատմամբ Հայաստանի ցուցաբերած հետաքրքրությունն ինձ հուսադրում է։ Բայց կրկնում եմ, ես անձնապես ձեզնից այս [ցեղասպանության] հարցում հետքայլ չեմ ակնկալում, նման բան չի լինելու։
Հիմա, օրինակ, Թուրքիայում թուրք-հայկական հարաբերությունների եւ հատկապես ցեղասպանության հարցի շուրջ գրեթե քննարկումներ չկան։ Այսինքն՝ կա, իմ իմանալով Թուրքիայում առնվազն 50 հազար մարդ ընդունում է, որ ցեղասպանություն է եղել, գրում է դրա մասին։ Թուրքիան իրեն միայն մեկ մտքի չի կապում։ Բայց Հայաստանում բազմազանություն չկա, բոլորը մեկ ուղղությամբ են մտածում։
Մարդիկ խոսելով են հասկանում իրար, դրա համար մենք խոսում ենք, եւ վստահ եմ, որ իրար հասկանում ենք։ Մեր տարբեր մոտեցումները կարող ենք չփոխել, բայց խոսակցությունն արժեքավոր է։ Շարքային հայերն ու շարքային թուրքերը ավելի շատ պետք է խոսեն։