Բազմազան ու բազմավեկտոր աշխարհն ամբողջությամբ տեսնել չկարողանալու պատճառով մենք չենք կարողանում ճիշտ ձեւակերպել ու ճիշտ լուծել մեր խնդիրները։ Աշխարհին նայում ենք մեր փոքրիկ ու նեղ պատուհանից, ինչը մեզ իրական աշխարհի մի չնչին կտորը տեսնելու հնարավորություն է միայն ընձեռում։ Մեր տեսած աշխարհն ամբողջությունից կտրված մի հատված է, որի առանցքում մենք ենք՝ մեր հույզերով ու մեր պատկերացումներով։
Բոլորից պահանջում ենք նկատել մեր խնդիրները, հասկանալ դրանք, զբաղվել մեզնով։ Բոլորը պետք է խոսեն մեր տառապյալ լինելու մասին, քննադատեն թուրքերին, որովհետեւ նրանք անարդար են եղել մեր հանդեպ, պաշտպանեն մեզ, որովհետեւ եղեռն ենք ապրել, տարածքներ ենք կորցրել, առաջին քրիստոնյա ազգն ենք։ Բոլորը մեզ պետք է սիրեն ու օգնեն։
Մեր այս հատկությունը վանող է ու հոգնեցնող։ Ռուս քաղաքագետներից մեկը 44-օրյա պատերազմից օրեր անց հայ լրագրողի՝ Ռուսաստանից ակնկալվող, բայց այդպես էլ չստացված աջակցության վերաբերյալ բողոք արտահայտող հարցին ի պատասխան նետել էր՝ ձեզ թվում է, թե բոլորն իրենց գործերը թողած պետք է պարե՞ն ձեր շուրջը։
Մենք վիրավորվում ենք։ Մեզ զարմացնում է նման վերաբերմունքը։ Չենք կարողանում հասկանալ, թե ինչու մեզ, որ ճիշտ ենք ու արդար, մեր ուզածի ու մեր պատկերացրածի չափով չեն հասկանում ու չեն աջակցում։
Եթե պատմությանը հետհայացք նետենք, կնկատենք՝ ժամանակներ են եղել, որ մեզ աջակցելը, «մեր շուրջը պարելը» ընդունված է եղել։ Պարողների պակաս էլ չի զգացվել։ Այդպես է եղել, օրինակ, Առաջին աշխարհամարտի տարիներին ու ավարտին, երբ աշխարհի ամենաերեւելի եւ ամենաառաջադեմ դեմքերը, ծանրակշիռ պետական գործիչները, պետություններ անգամ մեզ աջակցելն իրենց գործն են համարել։ Մենք պետք է այդ աջակցությունը նյութականացնեինք, բայց, ցավոք, չկարողացանք։ Ընկանք մաքսիմալիզիմի գիրկը եւ մեր անհեռատեսության հետեւանքով 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրին հանգեցինք։
Մեզ աջակցելու ու մեր շուրջը պարելու ժամանակահատված են եղել նաեւ 1988-ը եւ դրան հաջորդած տարիները։ Այդ շրջանում մենք աշխարհի կողմից ընկալվում էինք որպես ժողովրդավարական արժեքների եւ ազատության դրոշակակիրներ։ Մեզ աջակցելը նշանակում էր լինել բռնապետության դեմ պայքարողների շարքերում։ Նշանակում էր լինել ազատամիտ։ Մենք համահունչ էինք առաջադեմ աշխարհի ընթացքին։ Մենք այդ ընթացքի խորհրդանիշներից էինք։
Անդրեյ Պիոնտկովսկին իր վերջին հարցազրույցներից մեկում ասում է․ «Ինձ մոտ դեռ պահպանվել է 1980-ականների վերջերից ձեւավորված սովորույթը՝ համակրել հայերին՝ որպես ժողովրդավարական արժեքների կրողների։ Բայց նրանք իրենք իրենց վերածեցին Կրեմլի անօգնական, կախյալ կամակատարների։ Ես խոսում եմ ոչ թե հայ ժողովրդի, այլ հայկական էլիտայի մասին։ Թվում է՝ էլիտայի ամբողջական փոփոխություն տեղի ունեցավ, Փաշինյանը նոր մարդկանց բերեց, բայց Մոսկվայի նկատմամբ հնազանդությունը, որ Հայաստանին ակնհայտորեն նոր ու ավելի կործանարար պարտության է տանում, պահպանվեց»։
2000-ականների սկզբից, երբ մենք մեզ վերածեցինք, Ռուսաստանի Պետդումայի նախագահի բառերով ասած, Հարավային Կովկասում Ռուսաստանի ֆորպոստի, երբ մեր ողջ արտաքին քաղաքականությունը դրեցինք ի սպաս Կրեմլի, երբ ռուսական կառքին կցվելով՝ հրաժարվեցինք այն արժեքներից, որոնց հետ մեզ նույնացնում էին աշխարհում, պարզ է, որ մեր հանդեպ եղած վերաբերմունքը պետք է փոխվեր։ Ոչ միայն ազատական արժեքներ դավանողները մեզ պետք է այլ կերպ ընկալեին։ Կրեմլի նկատմամբ մեր անվերապահ հնազանդությունը տեսնելով՝ ռուսական կայսերականության ջատագովները նույնպես պետք է դադարեին մեզ որպես հարգանքի արժանի առանձին միավոր դիտարկելուց։
Այսօր աշխարհը փոխվում է ու շատ արագ է փոխվում։ Սա մեր կարգավիճակը փոխելու լավ հնարավորություն է։ Մենք կարող ենք եւ պետք է լինենք ինքնիշխան երկիր։ Ինքներս պետք է որոշենք մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ Պետք է վերադարձնենք մեր ինքնիշխանությունը, որ ունեցել ենք Անկախության հռչակմանը հաջորդած տարիներին։ Դրա համար պետք է աշխարհին նայող մեր նեղլիկ պատուհանից հրաժարվենք։ Դեպի աշխարհ նայող լայն պատուհան պետք է բացենք, որ աշխարհն ամբողջությամբ լինի տեսանելի։ Որ աշխարհում ընթացող բազմաբնույթ զարգացումների հոսքում մեր տեղը գտնենք ու մեր հնարավորությունների սահմանը գիտակցենք։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։