Հողում թաղված անվադողը քայքայվում է 100-300 տարվա ընթացքում։ Քաղաքակիրթ երկրներում վաղուց արգելված են անվադողերի աղբանոցները։ Մեկ տարվա ընթացքում Հայաստանում շուրջ 18 հազար տոննա բանեցված անվադող է գոյանում։ Հիմնական մասը այրում են ջերմոցներում, թաղում պոչամբարներում, կամ դրանք պարզապես հայտնվում են աղբավայրերում:
Որոշ ժամանակ անց դրանց մեջ բույն են դնում կրծողները, քիմիական արտադրությունն, ըստ գիտնականների, կրծողների մոտ քաղցկեղածին հյուսվածքներ է առաջացնում։ Նույն այդ նյութերն առաջանում են նաեւ մարդու օրգանիզմում, եթե անվադողն այրվում է կամ քայքայվում աղբանոցում։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) ECO serve ծրագրի շրջանակում հետազոտություն է արել եւ պարզել, որ Հայաստանի մի շարք համայնքներում (այդ թվում նաեւ Գյումրիում, մասնավորապես տնակներում) մարդիկ շարունակում են վառարաններում անվադողեր այրել։
Թեեւ «Թափոնների մասին» ՀՀ օրենքն արգելում է անվադողերը նետել աղբավայրեր, բայց վերահսկողության բացակայության պատճառով շատերը շրջանցում են օրենքը։ Չկան արդյունաբերական թափոնների, մասնավորապես հնամաշ անվադողերի հավաքման մասնագիտացված պոլիգոններ:
Միայն մարդատար մեքենաներից մեր երկրում մեկ տարվա ընթացքում գոյանում է մոտ 7700, իսկ բեռնատար մեքենաներից եւ հասարակական տրանսպորտից՝ միջինը 8000 տոննա անվադող։ Դրանք մեծ մասամբ կարելի է տեսնել տրանսպորտային եւ արդյունաբերական ձեռնարկությունների տարածքներում, ավտոտեխսպասարկման կենտրոններում, կոշտ կենցաղային թափոնների աղբավայրերում։
Օգտագործած անվադողերը համարվում են 4-րդ կարգի վնասակարության թափոն, եւ աշխարհում դրանց վերամշակումը բնապահպանական լուրջ խնդիր է լուծում: Մեր երկրում մինչեւ 2014 թվականը անպիտան անվադողերի ճակատագրով ոչ ոք չէր մտահոգվում, մինչև որ Դավիթ Քարամյանն ու Վահան Ղարիբյանը, ուսումնասիրելով արտերկրի փորձը, նախաձեռնեցին անվադողերի վերամշակման գործը։
«Մինչեւ գործարանի գաղափարի ձեւավորվելը ես ու Վահանն աշխատում էինք պլաստիկե շշերի վերամշակմամբ զբաղվող ընկերությունում, ծանոթ էինք Հայաստանում աղբավայրերի տխուր պատկերին, որոշեցինք օգտագործած անվադողերին «երկրորդ կյանք» տալ։ Բացի էկոլոգիական խնդիր լուծելուց՝ շեշտը դրեցինք այլընտրանքային վառելանյութի արտադրության վրա»,- պատմում է գործարանի փոխտնօրեն Դավիթ Քարամյանը։
Գործարանը բացել են Աբովյան քաղաքում՝ բնակելի շենքերի հարեւանությամբ, բայց տանիքից ծուխ չի բարձրանում։ Անվադողերը վերամշակվում են պիրոլիզային մեթոդով, որը գազեր եւ թունավոր նյութեր չի արտանետում մթնոլորտ։ Հնամաշ անվադողերի վերամշակումից «ԱՄ-Էսկա» ՍՊԸ-ն ստանում է բավականին էժան վառելիք։ Գլանաձեւ ածխե «բրիկետներ»-ն էներգաարդյունավետ են, քիչ են ծուխ արձակում, կարող են օգտագործվել որպես լցանյութ ռետինի եւ ներկերի արտադրությունում, կիրառվում են նաեւ սալիկների, բետոնե իրերի եւ աղյուսների արտադրության համար։
«ԱՄ-Էսկա» ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում վերամշակել է ավելի քան 5 միլիոն կիլոգրամ անվադող եւ 500 տոննա այլ թափոններ: Մինչեւ 2015 թվականը միայն դիզելային վառելիք էին ստանում, հիմա՝ այլընտրանքային վառելիք։
Ընկերությունը ստանում է նաեւ հեղուկ մազութի տեսքով բարձր կալորիականություն ունեցող վառելիք, որի մեկ լիտրը փոխարինում է մոտավորապես 1,8 խորանարդ մետր գազի։
«ԱՄ-Էսկան» վերամշակում է նաեւ ավտոտրանսպորտային միջոցների շարժիչների օգտագործված յուղերը։ Չվերամշակելու դեպքում մեկ լիտր յուղը կարող է աղտոտել մեկ միլիոն լիտր ջուր։
Պիրոլիզային տեխնիկա՝ առանց այրման
«Անվադող կտրող այս մկրատաձեւ սարքը մեր նախագծով է պատրաստվել։ Տվյալ անվադողը 2,5 տոննա է, պահեստում ունենք մինչեւ իսկ 4,5 տոննա կշռող անվադողեր, որոնք բերվել են հայաստանյան հանքավայրերից։ Հանքարդյունաբերող մի քանի ընկերությունների հետ ենք հիմա համագործակցում, հասանք նրան, որ հիմա տեսակավորում են նաեւ իրենց մոտ օգտագործված յուղը, ֆիլտրերը։ Մեզ մոտ դրանք էլ ենք վերամշակում, մի մասը հեղուկ ձութ է դառնում, մի մասը՝ ուտիլիզացվում է»,- ասում է Դավիթ Քարամյանը։
Հնամաշ խոշոր անվադողերը նախ մկրատաձեւ խոշոր այս հաստոցի միջոցով բաժանվում են 40 սանտիմետրանոց մասերի, բարձվում են պտտվող ռեակտորի մեջ, որը տաքանում է բնական գազի կամ մազութի այրման հաշվին: Որոշակի ջերմաստիճանից սկսած անջատվում է ածխաջրածնային գազ։ Անջատվում են նաեւ նավթամթերքի գոլորշիներ, որոնք ենթարկվում են կոնդենսացման եւ սառեցման, ապա՝ ուղղվում պահեստարան:
Ռեակցիայի ավարտին ռեակտորն աստիճանաբար սառեցվում է: Պողպատյա լարերը եւ ածխածնի փոշին (տեխնիկական ածխածինը) հեռացվում են ռեակտորից, որից հետո այն բեռնաթափվում է։ «Պիրոլիզային՝ առանց թթվածնային տաքացման մեթոդը հին է, անվնաս է այնքանով, որ մթնոլորտ վնասակար նյութեր չի արտանետում, գազային ելքերը ֆիլտրվում են»,- ասում է ընկերության փոխտնօրենը, նա է անձամբ կազմել ռեակտորային այրիչի, գազային կոմպրեսորի, անվադողերի կտրման հաստոցի նախագծերը։ Ի տարբերություն թթվածնային այրման՝ պիրոլիզային մեթոդը դիօքսիններ եւ այլ թունավոր նյութեր չի առաջացնում․ սա թերեւս ամենակարեւրն է ընկերության համար։
Չկարգավորվող ոլորտ
Հնամաշ անվադողերն իրենց միջոցներով հավաքում ու տեղափոխում են ընկերության տարածք, որտեղ էլ տեսակավորվում ու պահեստավորվում են։ Հաշվի են առնում անվադողերի կազմը, կառուցվածքը՝ հետագա վերամշակման եղանակի ընտրության համար:
«Երբ ուսումնասիրում ես դրսի փորձը, տեսնում ես, որ սերտ համագործակցություն կա թափոնների վերամշակող ընկերությունների եւ կառավարության միջեւ, այս ոլորտն օրենսդրական կարգավորումների կարիք ունի, մեխանիզմները ճիշտ պետք է աշխատեն։ Հիմա մեզ մոտ թափոնի մասին թիվ 159 օրենքն ասում է՝ թափոն վերամշակող կազմակերպություններին պետք է խրախուսել, արտոնություններ տալ, բայց ի՞նչ ու ո՞նց… շատ բացեր կան»,- ասում է Դավիթ Քարամյանը։
Ըստ նրա՝ ամեն ինչ թողնված է օգտագործողի քմահաճույքին. «Ում ոնց հարմար է, անում է։ Հարմար եղավ՝ մեծ քանակությամբ անվադողերը, յուղերը կպահեն կամ կնետեն ուր պատահի։ Միաժամանակ այդ թափոններն աղբանոց նետելու համար նախատեսված է սիմվոլիկ գումար։ Յուրաքանչյուր անվադողի համար, օրինակ, պետք է վճարել տարեկան 500 դրամ։ Երեք տարի անց այդ գումարն ավելանում է՝ հասնելով 1500 դրամի։ Գանձումներով ամեն ինչ սկսվում ու ավարտվում է, բիզնեսը պատասխանատու չէ հետագայի համար։ Այս առումով էլ շուկան բացարձակապես չի կառավարվում»։
Հայաստանում պոտենցիալ վնասակար ապրանքներից բնապահպանական հարկ է գանձվում։ Վառելիքի, լվացող միջոցների, շարժիչի յուղերի ֆիլտրերի, նաեւ ավոմեքենաների արտանետումների համար քաղաքացին հարկ է վճարում։ «Գիտե՞ք, թե ուր են ուղղվում այդ հարկերը։ Դրանցով դպրոցներ ու ճանապարհներ են կառուցում։ Բայց չէ՞ որ դրանց համար այլ հարկեր կան։ Մենք առաջարկեցինք, որ ստեղծվի հանձնաժողով կամ կառույց, որպեսզի այն առանձնացնի բնապահպանական վճարները՝ ուղղելով վերամշակող կազմակերպություններին։ Վստահ եմ, այդպես կավելանային նաեւ թափոններ վերամշակող ընկերությունները։ Բայց նման ոչ գրավիչ պայմաններում ոչ ոք չի ստեղծի վերամշակող գործարան, չի ցանկանա ընկնել ծանր հարկերի ու վարկերի տակ»,- ասում է ընկերության փոխնօրենը։
Ամերիկյան համալսարաններից մեկի հետազոտության համաձայն՝ պիրոլիզային մեթոդով ստացված տեխնիկական ածխածինը, ասֆալտի հետ խառնվելով, հինգ տոկոսով ամրացնում է այն, պաշտպանում ճաքերից։ «Դիմեցինք տրանսպորտի նախարարությանը, առաջարկեցին՝ «ձեր սեփական միջոցներով մի հատված սարքեք, մի քանի տարի կանցնի, արդյունքը կերեւա՝ մի բան կանենք»»,- պետության անտարբերությունից է դժգոհում Դավիթ Քարամյանը, մինչդեռ աղբանոցներում գարշահոտության մեջ նեխում են անպիտան անվադողերը։
Պետությունը պետք է վերահսկեր նաեւ ապրանքի օգտագործման եւ վերամշակման գործընթացը։ Այսինքն՝ եթե ընկերությունը Հայաստան է ներկրում դժվար քայքայվող, բնության համար վտանգավոր մարտկոցներ, պետությունը պետք է նրան տեղեկացնի բոլոր վնասների մասին եւ դրանց հետագա վերամշակման համար գումարի չափ սահմանի։ Բայց նման բան չի լինում։
Ընկերությունը Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ 40-50 Կամազ անվադող է հասցրել դիրքեր, նույնը՝ նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ։ 2016 թվականից արդեն անվադողեր են մատակարարում երեւանյան երկու զորամասերի, որտեղից էլ պաշտպանության նախարարությունը բաշխում է դրանք։
«Ընկերությունը շատ վարկեր է կուտակել, նման արտադրությունը չի հատուցում իր ծախսը, այլապես այսպիսի ձեռնարկություններ շատերը կհիմնեին։ Բայց խնդիրը ոչ միայն ծախսերն են, շահույթը, այլեւ այն, թե ինչ գին ենք մենք վճարում եւ վճարելու ապագայում, եթե թափոնները կուտակվեն օրեցօր շատացող եւ գարշահոտություն տարածող աղբանոցներում»,-ասում է Դավիթ Քարամյանը։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։