Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիին ընդհանուր ռեժիմի կարգավիճակ ունեցող Վլադիմիրի շրջանի Պոկրովի ավանի թիվ 2 քրեակատարողական հիմնարկից փոխադրել են նույն շրջանի Մելեխովո վայրում գտնվող թիվ 6 խիստ ռեժիմի գաղութ:
Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանը դեռեւս մարտի 21-ին արտագնա նիստում Ալեքսեյ Նավալնիին դատապարտել էր 9 տարվա խիստ ռեժիմի ազատազրկման:
Ռուսաստանցի իրավապաշտպանները հաճախ են ահազանգել, որ Մելեխովի թիվ 6 գաղութում կալանավորները բազմիցս գանգատվել են խոշտանգումների՝ ընդհուպ սեռական բռնության ենթարկվելու մասին: Ընդդիմադիր գործիչը դեռ այն ժամանակ կալանավորներից լսել է, որ իր համար Մելեխովի գաղութում «բանտի մեջ բանտ են պատրաստում»:
Ալեքսեյ Նավալնին տելեգրամյան իր գրառման մեջ նշել է, որ մեծ թվով գրքեր է հետը փոխադրել նոր գաղութ:
Մոսկովյան դատարանն ավելի վաղ անփոփոխ էր թողել Ալեքսեյ Նավալնիի՝ ֆինանսական մեքենայության եւ դատավորին վիրավորելու գործով վճիռը: Վճռով ընդդիմադիր առաջնորդը 9 տարվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում, ինչպես նաեւ 1,2 միլիոն ռուբլի տուգանքի։
Դեռ մեկուկես տարի առաջ գերմանական հեղինակավոր «Die Welt» պարբերականը գրել էր, որ պետական ռեպրեսիաների ամբողջ դաժանությունն իր մաշկի վրա զգացող Նավալնին սոսկ ամրապնդում է ընդդիմադիրի կերպարը: Ռուսաստանում եւ ամբողջ աշխարհում հաստատում է նրա դերն իբրեւ Պուտինի գլխավոր թշնամու։
«Ընդվզման սրբապատկեր դառնալով՝ Նավալնին ավելի վտանգավոր կլինի Պուտինի համար: Ռուսաստանը շատ կոպիտ է հակազդում Ալեքսեյ Նավալնուն: Այդ կոպտության հետեւում քողարկված է հեղինակությունը կորցնելու՝ Պուտինի վախը: Սակայն տեղի ունեցողը Նավալնուն կարող է դարձնել ընդվզման լուսատու: Կրեմլի համար դրանից ավելի մեծ սպառնալիք կառաջանա, քան Արեւմուտքի բոլոր կոչերն են»,- համոզմունք էր հայտնել «Die Welt»-ի վերլուծաբանը: