Սովորաբար ասում են՝ մարդն ապրում է «այսինչ» քաղաքում, գյուղում: Ապրո՞ւմ, թե՞ ուղղակի ողջ են մնում 30-ամյա Մարինե Յանգեյանն ու նրա չորս անչափահաս երեխաները, միայն տեսնողը կհասկանա: Շիրակի մարզի Առափի գյուղում ենք, Մկրտչյանների խարխուլ, գորշ ու սառը տանը:
Որ 21-րդ դարում, քաղաքակիրթ հասարակության աչքի առաջ այս վիճակում մարդիկ են ապրում, ամոթալի է. տարրական կոմունալ հարմարությունների, հիգիենայի ապահովման բացարձակ բացակայություն:
Առանց դուռ ու լուսամուտի տանն ապրում են Մարինեն, 8-ամյա Մանեն, 6-ամյա Լյովան, 5-ամյա Մոնիկան, 4-ամյա Մագդալենան և երեխաների հայրական տատը՝ 72-ամյա Մանիկ Մկրտչյանը: Խնդիրները քիչ են, հարս ու սկեսրոջ ջրերն էլ մեկ առվով չեն հոսում. Մանիկ տատը հարսին չի հավանում, ասում է՝ տուն տվե՛ք, գնան ապրեն. «Հարսս մանկատան երեխա է եղել, ոչինչ չի կարողանում անել: Խրատում եմ, չի ընդունում: Ինձ հանգստություն է պետք»:
Մարինեն ու երկու աղջիկները առողջության բազմաթիվ լուրջ խնդիրներ ունեն: Մի քանի անգամ վիրահատվել են: Եվ որպեսզի հերթական վիրահատության գնան, հարկավոր է նախ սակավաքաշությունը բուժել. հյուծված մորն ու երեխաներին սնունդ է հարկավոր: Ընտանիքի հայրը՝ Հայկ Մկրտչյանը, արտագնա աշխատանքի պատրվակով մեկնել է երկրից, Մարինեն ասում է. «Զանգել ասել է՝ գլխներիդ ճարը տեսե՛ք»:
Ինչպե՞ս պետք է ոչ միայն իր, այլեւ չորս անչափահասի գլխի ճարը տեսնի Մարինեն, եթե ինքը լուրջ խնամքի ու հոգածության կարիք ունի: Ուղղորդել նրան, թե՝ գնա՛, աշխատի՛ր, ողջամիտ չէ:
Ախուրյան համայնքի ավագանու անդամ, մանկավարժ Շամիրամ Եղիազարյանը քաջատեղյակ է ընտանիքի խնդիրներին, ասում է՝ ընտանիքին նախ կենցաղային պայմաններ են պետք: Բացի այդ՝ անհրաժեշտ է երեխաներին տանել այնպիսի միջավայր, որտեղ ամեն օր հսկողություն կլինի:
Ըստ տիկին Եղյազարյանի՝ դպրոցն ամեն ինչ անում է երեխաներին հասարակական եւ սոցիալական կյանքում ներգրավելու համար, բայց միայնակ չի կարող. ընտանեկան միջավայր եւ աջակցություն չկա: Ի՞նչ անեն, եթե երեխային տնից դպրոց չեն ուղարկում: «Ընտանիքին այս դրությունից հանելու ելքեր գտնելն անասելի դժվար է, փակուղու առաջ ենք: Մտածում ենք ինչ անել, որ գոնե մի փոքր հարթվի ստեղծված իրավիճակը: Երկու երեխաները դպրոց հաճախում են, բայց անհարգելի բացակայությունները շատ են: Համակարգված ու մշտական խնամք է պետք այս երեխաներին»,- մտահոգվում է մանկավարժը:
Համայնքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Նահապետյանն ասում է՝ առաջնահերթ պետք է ապահովել երեխաների կյանքի համար անվտանգ միջավայր: «Այն, որ երեխան քնում է կոտրած ապակիներով պատուհանի տակ, դա արդեն ուղիղ վտանգ է նրա կյանքի համար»:
Տիկին Նահապետյանը դիմել է անչափահասների խնդրով զբաղվող տարբեր կազմակերպությունների: ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն»-ից խոստացել են, որ մոտ օրերս որոշ ժամանակով կստանձնեն երեխաների խնամակալությունը, մինչեւ պարզ կդառնա հետագա անելիքը:
Այս եւ նմանօրինակ ընտանիքների խնդրի լուծումը պետությունը պետք է գտնի: Դրամական աջակցությամբ այսպիսի ընտանիքների կյանքում ոչինչ չի փոխվի: Կենցաղավարության մեջ կազմակերպվելու անկարողության համար մեղավորներ եւ անմեղներ փնտրելը ժամանակի անիմաստ կորուստ է: Պետությունը 46000 դրամ նպաստ է տալիս ընտանիքին, ասում՝ գնա՛, ապրի՛ր: Իրենք էլ ապրում ու կազմակերպվում են այնպես, ինչպես կարողանում են: Որպես արդյունք՝ ունենում ենք այն, ինչ ունենք: Հիմա ի՞նչ անի, ապրի՞, թե՞ գոյատեւի Մարինեն իր երեխաների հետ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։