Associated Press գործակաությունը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հունիսի 16-ին ժամանել են Կիեւ՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ավելի ուշ Կիեւում նրանց կմիանա Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը:
Առաջնորդներին ուղեկցում է Ուկրաինայի համայնքների եւ տարածքների զարգացման նախարար Ալեքսեյ Չեռնիշովը: Եվրոպացի առաջնորդները Կիեւ են ժամանել հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի, ինչպես նաեւ հունիսի 29-30-ը Մադրիդում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին:
Արեւմտաեվրոպական տերությունների առաջնորդներն Ուկրաինայի մայրաքաղաք են ժամանել հատուկ գնացքով։ Կիեւում գնացքից իջնելով՝ Մակրոնն ասել է, որ այցելելու են նաեւ ռուսական զորքերի գործողություններից տուժած վայրեր։ «Սա կարեւոր պահ է: Սա ուղերձ է ուկրաինացիներին եվրոպական միասնության մասին»,- ձեռքը սրտին դրած՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Արեւմտաեվրոպական երեք տերությունների այցը խորհրդանշական մեծ նշանակություն ունի՝ հաշվի առնելով, որ առաջնորդները հաճախ են բախվում քննադատության՝ Ուկրաինային Զելենսկու պահանջած սպառազինությունը չտրամադրելու կամ հապաղեու համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները շարունակելու նրանց պատրաստակամությունը նույնպես հաճախ է քննադատվում։
Ինչպես հայտնի է, հունիսի 17 -ին ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովը հրապարակելու է եզրակացությունը Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ դիմումները, որոնց հիման վրա նշված երկրները կարող են ստանալ անդամության թեկանածուի կարգավիճակ: