Վրաստանում հաստատված կապիկի ծաղիկի առաջին դեպքի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը դեռեւս սահմանափակումներ չի մտցնի:
Դրա մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության hիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մարդու եւ կենդանիների համար ընդհանուր եւ մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:
Պարոնյանը նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրների միջեւ սահմանափակումներ մտցնելը դեռեւս անհրաժեշտ չի համարում: Եվ չնայած նրան, որ, օրինակ, Մեծ Բրիտանիայում ու Պորտուգալիայում դեպքեր են գրանցվել, միեւնույնն է, նման միջոցառում իրականացվելու անհրաժեշտություն դեռեւս չկա:
Նա նաեւ ընդգծել է, որ ամբողջ աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղկի 1704 դեպք: Հիմնականում արձանագրվել է երիտասարդ տղամարդկանց շրջանում: Ըստ պաշտոնյայի՝ բոլոր դեպքերն ուղեկցվել են ախտանշաններով, ինչը փոքր-ինչ ուրախալի է: Նա հավելել է, որ գերակշռում են ցանն ու ջերմությունը: Ըստ ԱՀԿ-ի՝ դեպքի սահմանման 38.5 եւ ավելի բարձր ջերմությունն է համարվում կասկածելի դեպքի ախտանշան:
«Մենք այժմ համագործակցում ենք սահմանապահների հետ, որոնք պարտադիր վերահսկողություն են իրականացնում: Բագրատաշենի, Բավրայի ու հյուսիսային սահմանի մեր աշխատակիցներն արդեն տեղեկացվել են հիվանդության մասին, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- նշել է պաշտոնյան:
Պարոնյանը հավելել է, որ հիվանդությունը փոխանցվում է շնչառական կաթիլների եւ ընդհանրապես օրգանիզմի կենսաբանական հեղուկներով աղտոտված մակերեսների միջոցով, եւ վարակվելու համար անհրաժեշտ է սերտ, նաեւ սեռական շփում: Ախտանշանների, հատկապես ցանավորման դեպքում անձը մեկուսացվում է մինչեւ դրանց ամբողջությամբ անցնելը: Մահացության դեպքեր ամբողջ աշխարհում դեռեւս չեն արձանագրվել:
ՀՎԿԱԿ-ի կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանն էլ շեշտել է, որ պատվաստանյութ դեռեւս չի հայտնաբերվել, սակայն վստահեցրել, որ ծաղիկ հիվանդության պատվաստանյութը 85% արդյունավետություն է ապահովում: