Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ մինչ Թուրքիան քննարկում է Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ հատուկ ռազմական գործողություններ իրականացնելու հարցը, ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել:
ԱՄՆ-ը Թուրքիայի սահմանին չափազանց մոտ գտնվող Ալ-Հումեյրա շրջանում առաջին անգամ Chinook եւ Black Hawk ռազմական ուղղաթիռների ներգրավմամբ հատուկ ռազմական գործողություն է իրականացրել:
Ըստ ամերիկյան կողմի պաշտոնական հաղորդագրության՝ վերոհիշյալ գործողությունների ընթացքում գերեվարվել է «Դաեշ» («Իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը:
Մեկնարկելիք ռազմական գործողության վերաբերյալ Էրդողանը օրեր առաջ հայտարարել էր, թե Անկարան առաջիկայում նոր քայլեր կձեռնարկի Թուրքիայի հարավային սահմանների երկայնքով 30 կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգության գոտիներ ստեղծելու համար:
Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը զգուշացրել են, որ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը Սիրիայում բացասական հետեւանքների կհանգեցնի: