ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի խնդրանքով վարչապետն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կարեւորելով ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Կարեւորելով տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդումը՝ նա ընդգծել է տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին, ինչպես նաեւ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քայլերին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարեւորությունը:
Վարչապետը կարեւորել է նաեւ ՀՀ խորհրդարանի եւ ԵԱՀԿ ԽՎ-ի միջեւ սերտ համագործակցությունն ու մշտական երկխոսությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին եւ ընդգծել միջազգային հանրության կարեւոր դերը դրանց արդյունավետ իրականացման գործում:
Մարգարետա Սեդերֆելտը բարձր է գնահատել ՀՀ խորհրդարանական պատվիրակության հետ փոխգործակցությունը եւ նշել վերջինիս ակտիվ գործունեությունը վեհաժողովում: Նա ողջունել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումները եւ «բարձր գնահատել 2021 թվականի միջազգային չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը»: