Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրի՝ կորոնավիրուսով հիվանդացության մակարդակն անցած շաբաթվա ընթացքում շարունակել է նվազել այն դեպքում, երբ մահացությունն ավելացել է 4%-ով:
Հունիսի 6-12-ն ընկած ժամանակաշրջանում կորոնավիրուսով հիվանդացության մակարդակը նվազել է բոլոր տարածաշրջաններում՝ բացի արեւելյան Միջերկրականի տարածաշրջանից, որտեղ հիվանդացությունն աճել է 58%-ով, Ամերիկաներից (13%-ով) եւ Հարավարեւելյան Ասիայի տարածաշրջանից (33%-ով):
Դեպքերի քանակության ամենամեծ նվազումը դիտվել է Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում եւ Եվրոպայում՝ 8%-ով: Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով հիվանդացության ավելի քան 3,2 միլիոն դեպք:
Կորոնավիրուսից մահվան թվաքանակը նվազել կամ չի փոխվել բոլոր տարածաշրջաններում՝ բացի Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասից (այնտեղ մահացությունը աճել է 17 %-ով) եւ Ամերիկաներից (21 %): Մահացության ցուցանիշն ամենաշատը նվազել է Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (35%-ով):
Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում շաբաթվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով պայմանավորված մահվան ավելի քան 8700 դեպք: Համավարակի ողջ ժամանակաշրջանում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման շուրջ 535 միլիոն դեպք եւ հիվանդության հետեւանքներից մահվան ավելի քան 6,3 միլիոն դեպք։