Ըստ Առաջինի լրատվական ալիքի՝ Հայաստանում աղի արտադրության ծավալը նվազել է: Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ 2022-ի հունվար-ապրիլին արտադրվել է 7328 տոննա կերակրի աղ, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ ավելի քան 12 հազար (12,076.4 հազար) տոննա: Տեղական արտադրանքի ծավալը նվազել է մոտ 39 տոկոսով:
Ըստ Ավանի աղի կոմբինատի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանի՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերջին տարիներին ահռելի քանակությամբ արդյունաբերական աղ է ներկրվում Հայաստան:
Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2021-ին Հայաստան է ներմուծվել ավելի քան 14,5 հազար տոննա աղ եւ նատրիումի քլորիդ: Արեգ Ղուկասյանը համոզմունք է հայտնել, որ ներկրվածի 7-10 հազար տոննան արդյունաբերական աղ է, որը պետք է օգտագործվի քիմիական արդյունաբերությունում: Ղուկասյանի հարցումները, թե ո՛ր ընկերություններն են գնում արդյունաբերական աղը, տարբեր մարմիններ անպատասխան են թողել:
Ներկրելուց հետո այլեւս հնարավոր չէ պարզել գնորդին
Ավանի աղի կոմբինատի գլխավոր տնօրենը չի բացառում, որ արդյունաբերականը փաթեթավորվում եւ վաճառվում է իբրեւ կերակրի աղ: Այլապես ինչո՞ւ պետք է նվազեր Հայաստանում աղ արտադրող միակ խոշոր կոմբինատի արտադրության ծավալը: Վստահ է՝ արդյունաբերական աղը, առանց համապատասխան ստուգման, օգտագործվում է նաեւ սննդի արտադրությունում:
«Ես առավել քան համոզված եմ, քանի որ ոչ բոլոր աղ օգտագործողներն են տեղեկացված, թե կա արդյունաբերական աղ, կերակրի աղ: Քանի որ մի քիչ էլ էժան են վաճառում այդ աղը, օգտագործում են»,- ընդգծել է Ղուկասյանը:
Ներկրելուց հետո աղը վաճառվում է հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնով, որից հետո այլեւս հնարավոր չէ պարզել գնորդին:
Ներկրված արդյունաբերական աղը պարունակում է հեքսացիանաֆերատ, որի թույլատրելի սահմանը 1 կգ-ում 1 մգ է: 2019-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շուկայում վաճառվող փաթեթավորված կերակրի աղում հայտնաբերել էր կալիումի ֆերոցիանիդի գերազանցող քանակ: Կալիումի ֆերոցիանիդն ու հեքսացիանաֆերատը, ըստ էության, նույն նյութերն են եւ մակնշվում են որպես E536 սննդային հավելում, որն աղին ավելացնելով՝ այն դարձնում է սորուն, սպիտակ եւ առանց գնդիկների:
Սահմանին ստուգվում է միայն կերակրի աղը
ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը նշել է, որ ստուգումներ անելիս իրենք արձանագրել են կալիումի ֆերոցիանիդի պարունակության գերազանցում, տվյալ խմբաքանակները կասեցվել են կամ օգտահանվել ու ոչնչացվել:
Ըստ Վահե Դանիելյանի՝ ներկրվող արդյունաբերական աղը ՍԱՏՄ ստուգման իրավասությունից դուրս է: Սահմանին ստուգվում է միայն կերակրի աղը:
«Պարտադիր պահանջ է, որ Հայաստանում իրացվող աղը պետք է լինի յոդացված: ՍԱՏՄ-ն տարեկան մոտ 250 նմուշառում է անում: Սպառողի առողջության նպատակով տեղական արտադրությունում E536 հավելում չի օգտագործվում»,- շեշտել է Դանիելյանը:
Որ ներկրված արդյունաբերական աղի շարժն ու որակը վերահսկվեն, Ավանի աղի կոմբինատի տնօրենն առաջարկում է արդյունաբերական աղի ներկրումը Հայաստան մեծ քանակություններով թույլ չտալ: Նա խորհուրդ է տվել վաճառել հաշվիչ դրամարկղի մեքենաներով: Դա պետք է վաճառվի հաշիվ ապրանքագրերով: Նման դեպքում հնարավոր կլինի նաեւ հասկանալ՝ ո՛ր սննդամթերքում ի՛նչ աղ է օգտագործվել:
Հայաստանում արդյունաբերական աղ եւս արտադրվում է, սակայն առանց E536 սննդային հավելումի: