ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, լոտոների հայտնի գովազդի հանգույն, ի լուր աշխարհի ավետել է, թե (միտքն եմ փոխանցում, բառացին՝ հետո)՝ արդար է, ժողովո՛ւրդ, արդար է, չե՞ք հավատում, եկեք տեսագրություններ-բան տամ նայեք…
Խոսքը ՀՀ Աժ նախագահի եղբոր ղեկավարած ընկերության շահած հերթական մրցույթի մասին է։
Իսկ Սանոսյանի խոսքը բառացի հնչում է այսպես՝ «Հիմա հայտարարվել է մրցույթ, որի ժամանակ մասնակցել է 6-7 ընկերություն։ Ով ամենաշատ գնիջեցումն է արել կամ ամենամատչելի գինն է տվել, նա էլ շահել է: Հլը եկեք անուններից դուրս գանք»:
Ապա՝ թե ինչպես է ստացվել, որ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը քիչ գումար է առաջարկել ու շահել, հարցին ի պատասխան էլ Սանոսյանն ասել է (արտատպում եմ առանց խմբագրման – Մ. Հ.).
«Շատ պարզ, մեր նախարարությունում կան գեղեցիկ սեւ աթոռներ, մարդիկ գալիս նստում են այդտեղ, որը տեսաձայնագրվում է, դա կոչվում է մրցույթի բանակցային փուլ: Ասում ենք՝ 1,5 մլրդ դրամ արժե, 8 ընկերություն է մասնակցում, փաստաթղթերը ստուգում ենք, ասում ենք՝ 8-ն էլ բավարարում եք մրցույթի պայմաններին, առաջակում ենք բանակցել: Մի ընկերություն 1,5 մլրդ-ի փոխարեն առաջարկում է 1,4, մյուսը՝ 1 մլրդ, 350 մլն, իջնում, դառնում է, որ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը իրենն էլ չի, ինքը տնօրեն է այնտեղ, ամենացածրն է առաջարկել, ո՞րն է խնդիրը»:
Հիմա ստիպված եմ ասել, հարգելի Գնել Սանոսյան, խնդիրը հենց այն է, որ այդ կազմակերպության ղեկավարը ԱԺ նախագահի եղբայրն է։
Եվ երկրորդ խնդիրն էլ այն է, որ նա է ամենացածր գինն առաջարկում ու շահում։
Մեր երկիրը «ժողովրդավարության բաստիոն» համարող կառավարության ղեկավարին եւ նախարարներին առաջարկում եմ գնալ պարզապես ժողովրդավարական, բայց ոչ իրեն «բաստիոն» ու «բարձրագույն լիգայի խաղացող» հորջորջող ցանկացած երկիր եւ հարցնել, թե ինչպես է կոչվում այն երեւույթը, երբ ԱԺ նախագահի եղբոր ղեկավարած ընկերությունը բազմիցս շահում է մրցույթները։
Պատասխանն ակնհայտ է։ Եվ այդ պատասխանը ութ տարի առաջ ԱԺ ամբիոնից ճչացել է այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը. «Ձեզ թվում է՝ կոռուպցիան պոզով, պոչով մեծ կենդանի է՞։ Էս ա կոռուպցիան»:
Ես շինարար չեմ, եւ բնական հարց է առաջանում. եթե տվյալ աշխատանքը կարելի է կատարել 493 միլիոն դրամով, ինչո՞ւ է նախարարությունը մրցույթ հայտարարում մեկուկես միլիարդ նախնական գնով։ Եվ երկրորդ, եթե աշխատանքի արժեքը կամ նախնական գնահատումը մեկուկես միլիարդ է, ի՞նչ որակ պիտի ունենա այն աշխատանքը, որ կատարվելու է մեկ միլիարդ դրամով պակաս գումարով։ Լավ, ասենք պակաս լիներ մի քանի հարյուր միլիոնով։ Բայց մեկ միլիարդ պակա՞ս։
Ինչի՞ վրա է խնայողություն անելու Ալենի եղբայր Կառլենը։ Ասֆա՞լտն է մեկ սանտիմետր պակաս հաստության փռելու, խի՞ճն է քչացնելու, եզրերից մեկական սանտիմետր կտրելո՞ւ է, թե՞ ավելի վատ՝ աշխատողներին մինիմալ աշխատավարձով է աշխատացնելու՝ ասելով՝ «գործ ունեք՝ հերիք չի, դեռ փող էլ ե՞ք ուզում»։
Իհարկե, թղթերով ամեն ինչ ճիշտ է։ Տեսագրություններ կան։ Բայց, դե, մարդ ենք, էլի, հարց է ծնվում՝ ինչո՞ւ է ամեն անգամ «բյուջեի խնայողություններով» զբաղվում հենց Ալեն Սիմոնյանի Կառլեն եղբոր ղեկավարած ընկերությունը, որին, ըստ Սանոսյանի, բոլորս պիտի շնորհակալություն հայտնենք այդ խնայողության համար։
Ութ տարի առաջ վերը հիշատակած ելույթում ընդդիմադիր Նիկոլը քննադատում էր (ի դեպ միանգամայն տեղին) այն ժամանակվա ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, որ նրա հետ փոխկապակցված անձինք են, օրինակ, ՀԴՄ կտրոնի թուղթ ներկրում միայն ու գերշահույթ ստանում։ Հիմա էլ Ալենի հետ փոխկապակցված եղբայրն է շինարարական մրցույթներ հաղթում։ Ի՞նչ տարբերություն։ Ինչո՞ւ այն ժամանակ դա կոչվում էր կոռուպցիա՝ ըստ ընդդիմադիր Նիկոլի, իսկ հիմա այդպես չի կոչվում՝ ըստ իշխանական Սանոսյանի։
Այսքանից հետո, իհարկե, իմաստ չունի անդրադառնալ մամուլի մի այլ բացահայտման, որ Նիկոլ Փաշինյանի եղբայրը դարձել է միանագամից չորս տարբեր ընկերությունների տնօրեն։ Դե, իհարկե, էստեղ էլ կոռուպցիա չկա ու չի կարող լինել։ Կասկածո՞ւմ եք, որ «ժողովրդավարության բարձրագույն լիգայում» խաղացող վարչապետի ազնվագույն եղբայրը միայն ու միայն իր կազմակերպչական բացառիկ ընդունակությունների շնորհիվ է միաժամանակ չորս ընկերություն ղեկավարում։
Ոնց էլ հասցնում է։ Երեւի ամեն տեղ քառորդ դրույքով է հրամանագրված։
Հ. Գ. Հիշո՞ւմ եք էն հայտնի պատմությունը. 1990 թվականի ընտրություններից հետո Գերագույն խորհրդի հանձնաժողովներից մեկի նախագահը, որ կոմունիստական ղեկավարների մոլի քննադատ էր, խորհրդարան է գալիս նոր կոստյումով։ Վլադիմիր Մովսիսյանն ասում է. «Էս ի՞նչ սիրուն կոստյում ես առել»: «Նվեր եմ ստացել, ընկեր Մովսիսյան»,- պատասխանում է պատգամավորը։ «Դե մենք էլ էինք, էլի, նվեր ստանում,- արձագանքում է Մովսիսյանը,- բայց դուք դրան էն ժամանակ կաշառք էիք ասում»։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։