Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին պահանջում է «Զանգեզուրի միջանցքի» բացում, իսկ Հայաստանը մի կերպ է կարողանում մերժել, որովհետեւ այդ միջանցքի վրա ունեցած իշխանությունն իրենը չի լինելու, այլ ռուսներինը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում մեր իշխանությունները հավանաբար հենց այդ համաձայնությանն են հասել ռուսների հետ, բայց հայկական կողմի այն թաքուն համոզվածությամբ, որ միջանցք չի լինելու։
Հիմա, երբ Ալիեւը պնդում է միջանցքի բացումը, ինքը ռուսների առաջ հայկական կողմին շատ անհարմար վիճակի մեջ է դնում։ Հայաստանը չի ուզում միջանցք, որտեղ ինքը դե ֆակտո իշխանություն չունի։ Չէ՞ որ ռուսները հենց դա են պնդում՝ լինել միջանցքի իրական տերեր։ Հիմա սա ինչպե՞ս հասկացնել Ալիեւին։
Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարը խոսում էր այն մասին, որ իրենք այդքան էլ չեն «վառվում» Մեղրիով միջանցք բացելու մտքից, Իրանը կա ու կա։ «Իրանի հետ Ալիեւի նախաձեռնությամբ ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Իրան-Հայաստան սահմանից հինգ կիլոմետր հարավ կկառուցվի Արեւելյան Զանգեզուրն ու Նախիջեւանը կապող նոր տրանսպորտային հանգույց։
Այն բաղկացած է լինելու երկաթուղային գծից, բազմաշերտ մայրուղուց, թվային հաղորդակցությունից եւ այլ տարրերից՝ ամբողջությամբ անտեսելով Զանգեզուրի միջանցքում Հայաստանի «մանեւրները»։
Հայաստանի կառավարությունը կարծում է, որ նոր տրանսպորտային հանգույցի հարցում պետք է գերակա դիրք ունենա եւ պետք է թելադրի իր պայմանները։ Սակայն մեր նախագահը հայտարարել է, որ տրանսպորտային այս հանգույցը շահագործման է հանձնվելու ընդամենը հինգ կիլոմետր աշխարհագրական տարբերությամբ, եւ Հայաստանը հերթական անգամ սխալվել է իր հաշվարկներում»,- ադրբեջանական լրագրողներին ասել է Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը։
Այսինքն, թվում է, հաշտվել են Մեղրիով միջանցք չունենալու մտքի հետ։ Ուրեմն ինչո՞ւ է Ալիեւը նորից պնդում եւ ռուսների առաջ Հայաստանին դնում անհարմար վիճակի մեջ։ Պատասխանը կարծես թե պարզ է՝ Ալիեւին Հայաստանի վրա հարձակվելու պատճառ է պետք։ Իսկ այդ պատճառն այն է, որ հայերը Ադրբեջանին միջանցք չեն տալիս։ Ռուսները նույնպես դեմ չեն այդ պատերազմին։
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվի 9-րդ համաշխարհային ֆորումում ասել է․ «Եթե մեզ (միջանցքային-Մ․ Ա․) հասանելիություն չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին, եւ Ադրբեջանի բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ նորմալ համակեցություն եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, կտապալվեն»։
Եվս մեկ արտահայտությամբ էլ Ալիեւն ակնարկել է, որ անհնարին չի համարում Հայաստանի դեմ պատերազմը։ Նույն ֆորումում նա ասել է․ «Եթե Երեւանը շարունակի հավակնություններ ներկայացնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, նույնը իրենք կանեն»։
Ալիեւը նկատի ունի Ղարաբաղի կարգավիճակի մասին հայտարարությունները, որոնք հնչում են ոչ պաշտոնական շրջանակներից, բայց Հայաստանից։ Պատերազմով սպառնալը Ադրբեջանի համար կա ու կա։
Իսկ ինչո՞ւ է պատերազմն անհրաժեշտ ռուսներին։ Անհրաժեշտ է, որովհետեւ այդ «միջանցքային» տարածքով է անցնելու նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհը, որի վրա իշխանություն ունենալը հենց ռուսների գլխավոր նպատակն է։ Նրանք պետք է մտնեն Սյունիք, որպես անվտանգության երաշխավոր կանխեն պատերազմը ու մնան այդտեղ, երբ մյուս երկրները՝ Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, երթեւեկելիս կլինեն այդ ճանապարհով։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: