Անցյալում են այն օրերը, երբ ծնունդի, կնունքի, Նոր տարվա, Մարտի 8-ի եւ այլ առիթներով ձեռքով նկարազարդած, երկտողով բացիկներ էին նվիրում միմյանց: Գեղեցիկ այս ավանդույթը գործածությունից դուրս է մնացել, հիշողությունից՝ ոչ:
Գյումրու «Գալերի 25» պատկերասրահում «Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագծի շրջանակում հին ու բարի ժամանակների բացիկներ ստեղծեցին:
Նախագծի կազմակերպիչ, «Գալերի 25» պատկերասրահի հիմնադիր Ալեքսան Տեր-Մինասյանն ասում է՝ պարտադիր չէ, որ հայկական բացիկը եկեղեցու նկարով լինի. «Թոփչյանի այս գործերը կալիգրաֆիայի լավագույն օրինակներ են»:
Գյումրեցի ինքնատիպ արվեստագետ, ժամանակակից վիզուալ նկարիչ Վահան Թոփչյանի նկարազարդած բացիկները չափով փոքր են, բայց խոր մտքեր են արտահայտում: «Բացիկն ինչ-որ տեղ պայմանական է ասված: Դրանք գրական գործեր են՝ տեքստի եւ պատկերի ճիշտ համադրությամբ»,- ասում է հեղինակը:
Արդեն 20 տարի է, ինչ կալիգրաֆիայի այս տեսակն արվեստագետի մշտական ուղեկիցն է: Զարգացնում է, փոփոխում չափերն ու թեմաները, միտքն ազատ է թողնում ու ստեղծագործում: Արվեստի գործ դարձած բացիկներն էլ նվիրում է անհատներին կամ պատկերասահներին: «Ինչո՞ւ բացիկ» հարցին նկարիչը պատասխանում է. «Այն կենցաղից դուրս է եկել, բայց դրա մեջ շատ խոր իմաստ կա, էներգիա կա, մտերմություն կա: Բացիկը շնորհավորանքի եւ անշահախնդիր նվերի լավագույն օրինակն է»:
Վահան Թոփչյանին պետք չեն հատուկ տեղ, միջավայր ու պատրաստություն, որ բացիկ ստեղծի: Ամեն մի իրադարձություն, պատկեր կամ զգացողություն կարող է նոր ստեղծագործության առիթ դառնալ: «Բնությունը, մարդկային հարաբերությունները, ամենաչնչին թվացող իրադարձություններն իմպուլս են հաղորդում, որ ստեղծագործեմ: Օրինակ՝ հին Գյումրվա լուսանկարների հիման վրա բացիկների շարք եմ ստեղծել»,- ասում է նկարիչը:
«Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագծի շրջանակում բազմաթիվ երիտասարդներ Վահան Թոփչյանից ոչ միայն վարպետության դասեր առան, այլեւ նրա հետ բացիկներ նկարազարդեցին: Իրենց բակի ծառը, երկինքը, արեւը, անգամ ծնողներին նկարեցին, պատկերն ամբողջացրին երկտողով եւ արվեստի փոքր գործ ստացան:
Ստեղծագործությունների այս շարքը հետաքրքրել է նաեւ արտասահմանցի զբոսաշրջիկներին: Ասում են՝ դատարկաձեռն չեն գնալու: Հայաստանը խորհրդանշող եւս մեկ նվերի օրինակ են բացահայտել:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։