ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հունիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական ու եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ։ Պետքարտուղարի փոխտեղակալը հետաքրքրվել է Պաշտպանի առաջնահերթություններով։
Քրիստիննե Գրիգորյանը, ներկայացնելով աշխատանքի հիմնական ուղղությունները, տիկին Օլսոնին հաղորդակից է դարձրել Լեռնային Ղարաբաղում ապրող անձանց իրավունքների վիճակի մասին իր ունեցած տեղեկություններին: ՀՀ Պաշտպանն, ի թիվս այլնի, ներկայացրել է նաեւ արցախահայության նկատմամբ էթնիկ ատելության ադրբեջանական քաղաքականության չդադարող դրսեւորումները։
«Արցախում անձանց կյանքի, անվտանգ միջավայրի, կրթության, առողջության պահպանման, սեփականության եւ այլ իրավունքներն ամենօրյա ռեժիմով խախտվում են»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը նաեւ հետաքրքրվել է ոստիկանության ոլորտի բարեփոխումների ընթացքից։
Մարդու իրավունքների պաշտպանության այլ հարցերի թվում Քրիստիննե Գրիգորյանը կարեւորել է խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն ունենալու, ինչպես նաեւ ատելության խոսքի դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը։ Կողմերը նախանշել են համագործակցության կոնկրետ ուղղություններ։