Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտը (IEP) հրապարակել է Խաղաղության համաշխարհային ինդեքսը:
Խաղաղության համաշխարհային ինդեքսում Հայաստանն ամենախաղաղասեր երկրների ցանկում առաջ է հարեւաններ Ադրբեջանից, Թուրքիայից, Վրաստանից:
«Global Peace Index»-ի հրապարակած 2022-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը: Ադրբեջանը 128-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 145-րդ: Վրաստանը ցանկում 95-րդն է, իսկ Իրանը՝ 141-րդը: Նախորդ տարվա ինդեքսում Հայաստանը եւ Վրաստանը հավասար միավորներով եղել են 86-րդը, Ադրբեջանը՝ 120-րդը, Թուրքիան՝ 150-րդը:
Ամենախաղաղասեր երկրների ցանկը գլխավորում է Իսլանդիան (1.107 միավոր): Առաջին հնգյակում են նաեւ Նոր Զելանդիան (1,269), Իռլանդիան (1,288), Դանիան (1,296) եւ Ավստրիան (1,3):
Աշխարհի ամենախաղաղասեր երկրների առաջին տասնյակը եզրափակում է Ճապոնիան (1,336): Ուկրաինան իրեն պարտադրված պատերազմով զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 153-րդ հորիզոնականը (2,971): 163 երկրների շարքում աշխարհի ամենանվազ խաղաղասեր երկրի կարգավիճակն ունի ոչ թե Ռուսաստանը, որը զբաղեցնում է խաղաղասեր երկրներից աղյուսակի չորրորդ հորիզոնականը վերջից՝ 160-րդ տեղը (3,275), այլ Աֆղանստանը (3,554 միավոր):
Ինդեքսում ներկայացված է խաղաղության ուղղությամբ հիմնական միտումների ամբողջական վերլուծությունը, դրա տնտեսական արժեքները եւ խաղաղ հասարակությունների զարգացման մեթոդները: Խաղաղության համաշխարհային ինդեքսն ընդգրկում է աշխարհի բնակչության 99.7%-ը:
Ինդեքսը չափում է խաղաղության վիճակը երեք ուղղություններով՝ հասարակական անվտանգության եւ պաշտպանվածության մակարդակ, ներքին եւ միջազգային շարունակվող կոնֆլիկտների աստիճան, ռազմականացվածության աստիճան: