Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատժամիջոցների ենթարկվողների ցանկում են ընդգրկել ռուս ուղղափառների առաջնորդ, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին (Վլադիմիր Գունդյաեւ):
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նման որոշում է ընդունվել, քանի որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Պատրիարքը հրապարակավ բազմիցս հանդես է եկել Կրեմլի քաղաքականությունը սատարող հայտարարություններով: Պատժամիջոցները ենթադրում են մուտքի արգելք եւ ակտիվների սառեցում:
Պատրիարքը պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարության գլխավոր եկեղեցում մատուցել է պատարագ, որի ավարտին իր ուղերձում պնդել է, թե Ուկրաինայում մետաֆիզիկական պայքար է ընթանում:
Նա պնդել է, թե Ուկրաինայի իշխանությունները խրախուսում են եկեղեցական պառակտումը:
Բացի դրանից, Պատրիարքը հավաստիացրել է, թե Ռուսաստանն իր ամբողջ պատմության ընթացքում երբեք որեւէ մեկի վրա չի հարձակվել: