Եվրոպական միության անդամ երկրներում ակտիվ գործունեություն ծավալող եվրոպական 91 կազմակերպություններ նամակ են հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ դժգոհություն հայտնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ 2022-ի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից հետո Միշելի հրապարակած վերջին հայտարարության առնչությամբ:
Կազմակերպությունները ողջունել են Շառլ Միշելի՝ խաղաղությանն ուղղված միջնորդական ջանքերը: Այնուամենայնիվ, նրանք անհրաժեշտ են համարում, որ խաղաղության բանակցությունները հիմնված լինեն արդարության վրա, երբ չեն արհամարհվի հայկական կողմի հիմնարար իրավունքներն ու կարիքները, մանավանդ որ վերջինս 2020-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ագրեսիայի զոհ է դարձել:
Նամակը ստորագրած կազմակերպությունները ցավում են, որ մայիսի 23-ի հայտարարությունն արհամարհում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ-ի փաստաթղթավորված մոտեցումների հիմնական սկզբունքները: Սա վերաբերում է նաեւ այն փաստին, որ օգտագործվում է «Ղարաբաղ» անորոշ ձեւակերպումը «Լեռնային Ղարաբաղի» փոխարեն, որը կոնկրետ տարածք ունեցող քաղաքական միավոր է։ Նամակում մանրամասն ադրադարձ է արվում այն հանգամանքին, որ Ադրբեջանի կողմից «Ղարաբաղ» ձեւակերպման օգտագործումը միտված է պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտման քաղաքականության սպասարկմանը:
Անդրադառնալով 2022-ի մայիսի 31-ին Շառլ Միշելի մամուլի խոսնակի հայտարարությանը՝ կազմակերպությունները երախտագիտություն են հայտնում, որ այն կարեւոր պարզաբանումներ է մտցրել եւ ընդգծել հիմնարար սկզբունքներ։ Կազմակերպությունները հույս են հայտնում, որ ԵՄ-ի ապագա միջնորդությունը կհանգեցնի արդար եւ տեւական խաղաղության հասնելու բանակցությունների մեկնարկին: Այդ նպատակով կոչ է արվում Եվրոպական խորհրդի նախագահին միջնորդությունը հիմնել վեց կոնկրետ կետերի վրա: