Ըստ ռուսական РИА Новости գործակալության՝ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով Մոսկվան չի կրճատել Սիրիայում իր խմբավորման թիվը:
Մարտի սկզբին մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին Սիրիայից Ուկրաինա ռուսական զորքերի տեղափոխման մասին, սակայն ռուս պաշտոնյաները չեն հաստատել այդ տեղեկությունը։
«Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ թվաքանակի նվազում տեղի չի ունեցել, եւ այնտեղ տեղակայված տեխնիկան, հակաօդային պաշտպանության համալիրները, ավիացիան մնացել են նույն ծավալով»,- ընդգծել է դիվանագետը։
Լավրենտեւը նաեւ նշել է, որ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը մինչեւ օգոստոսի վերջը սիրիական խնդրի կարգավորմանը նվիրված գագաթնաժողով կանցկացնեն: Նա, սակայն, չի բացառել, որ հանդիպումը կարող է հետաձգվել: Երեք պետությունների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումը, որը նախատեսված է անցկացնել Իրանում, հետաձգվել է կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով, հայտնում է լրատվամիջոցը։
Իրանի արտգործնախարարի օգնական Ալի Ասղար Հաջին, սակայն, վստահեցրել է, որ երկրում համաճարակաբանական իրավիճակը թույլ է տալիս գագաթնաժողով կազմակերպել։