ՄԱԿ-ի Փասխտականների գործերի գերագույն կոմիսարի վարչության (UNHCR)՝ հարկադրված իրենց տները լքած մարդկանց թիվը վերջին տասնամյակում տարեցտարի աճել է, եւ այն այժմ հասել է ամենաբարձր մակարդակին: Հունիսի 16-ին ՄԱԿ-ի վարչության հրապարակված զեկույցի համաձայն՝ 2021-ին աշխարհում 8 տոկոսով աճել է պատերազմներից, բռնությունից, հետապնդումներից եւ մարդու իրավունքների խախտումներից փախած մարդկանց թիվը՝ հասնելով 89,3 միլիոնի:
«Դա 8 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ, եւ ավելի քան կրկնապատիկ գերազանցել է տասնամյա վաղեմության թվերը»,- նշել են փորձագետները:
Անցյալ տարվա վերջին Երկիր մոլորակի յուրաքանչյուր 88-րդ բնակիչը եղել է հարկադիր տեղահանված: 2012-ին այդ համամասնությունը կազմել է 1-ը 167-ի հարաբերությամբ:
Զեկույցի համաձայն՝ 2021-ին աշխարհում եղել է 27,1 միլիոն փախստական, 4,6 միլիոն ապաստանի խնդրատու, 53,2 միլիոն ներքին տեղահանված անձ:
Բացի դանից՝ ՄԱԿ-ի վարչությունն օգնություն է ցույց տալիս հայրենիքը լքած 4,4 միլիոն վենեսուելացիների, որոնք նրա վիճակագրության մեջ նշված են առանձին կատեգորիայով:
Անցյալ տարի ամենից շատ փախստական է ընդունել Թուրքիան՝ շուրջ 3,8 միլիոն մարդ:
Այնուհետեւ հաջորդում են Ուգանդան՝ 1,5 միլիոն, Պակիստանը՝ 1,5 միլիոն եւ Գերմանիան՝1,3 միլիոն մարդ:
Սակայն բնակչության մեկ շնչի հաշվով փախստականների ամենամեծ բաժինը 2021-ին եղել է Լիբանանում, որտեղ այդ կարգավիճակն ուներ երկրի յուրաքանչյուր ութերորդ բնակիչը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հորդանանը (յուրաքանչյուր 14-րդ բնակիչը), երրորդ տեղում է Թուրքիան (յուրաքանչյուր 23-րդ բնակիչը):
Հայրենի երկրի սահմաններից դուրս ապաստան են ստացել 6,8 միլիոն սիրիացի, 4,4 միլիոն վենեսուելացի, 2,7 միլիոն աֆղանստանցի, ինչպես նաեւ 1,2 միլիոն գաղթած Մյանմայից: 2021-ի ընթացքում ավելի քան 5,7 միլիոն մարդ վերադարձել է նախկին բնակության վայրեր՝ ներառյալ 5,3 միլիոն ներքին տեղահանված անձ եւ 429,3 հազար փախստական: