Կառավարությունն օդանավակայանների տարածքում տաքսի ծառայության մատուցման գործընթացը կանոնակարգող որոշում է ընդունել: Ըստ հիմնավորման՝ օդանավակայանների տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպումն օրենսդրական առանձին կարգավորում չուներ, հետեւաբար տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը պատշաճ չի իրականացվում, անբարեխիղճ ծառայություն մատուցողներն անընդունելի վարքագիծ են դրսեւորում ուղեւորների ու միմյանց նկատմամբ, պատվերը ձեռք է բերվում բանավոր հավաքագրմամբ՝ անհանգստություն պատճառելով քաղաքացիներին եւ հյուրերին: Ծառայության մատուցման համար ներգրավված ավտոմոբիլները հաճախ հին են: ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները եւ զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է:
Բացի դրանից՝ օդանավակայանի տարածքից տաքսի ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները հնարավորություն չունեն օգտվելու տաքսու կայանատեղից, ինչն անհավասար պայմաններ է առաջացնում փոխադրողների համար:
Առաջարկվող կարգավորումներով սահմանվում են օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման առանձին պայմաններ եւ պահանջներ, մասնավորապես ներգրավվող ավտոմոբիլի տարիքային սահմանափակում, արտաքին տեսքի ու գույնի նկատմամբ պահանջ, ներգրավվող ավտոմոբիլի վառելիքային համակարգի վերասարքավորման արգելք, օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության մատուցում իրականացնելու եւ պատվերն ընդունելու պայմաններ:
Այսպիսով՝ կմատուցվի քաղաքակիրթ եւ առավել բարձրորակ սպասարկում, ծառայությունների մատուցման գործընթացում կներգրավվեն ավելի նոր եւ միանման տեսքով ավտոմեքենաներ: Կբացառվեն ոլորտում անօրինական փոխադրումները: