ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից հայտնել են, որ դեսպան Անն Լույոն Սյունիքի մարզում հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի հետ:
Քննարկվել են տարածաշրջանի տնտեսական եւ անվտանգության հարցերը, ինչպես նաեւ հանքարդյունաբերությանն առնչվող բնապահպանական խնդիրները։
Դեսպանն աջակցություն է հայտնել Կապանի՝ ֆրանսիական քաղաքներից մեկի հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու ցանկությանը։
Դեսպան Լույոն ծանոթացել է Արավուս գյուղում իրականացվող Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ծրագրին եւ հանդիպել սահմանամերձ այս գյուղի բնակիչներին։ Հանդիպումը դեսպանին հնարավորություն է տվել ավելի լավ հասկանալ սահմանամերձ բնակավայրերում ապրող հայերի տնտեսական եւ անվտանգային, ինչպես նաեւ Ղարաբաղից փախստականներին ընդունելու մարտահրավերները:
Անն Լույոն այցելել է «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ին եւ տեղում քննարկում ունեցել տնտեսության մեջ կանանց դերի եւ ընտանիքում ու հասարակությունում նրանց իրավունքների պաշտպանության թեմաներով: Դեսպանն այցելել է նաեւ Կապանի ԹՈՒՄՈ տուփ եւ քաղաքի նախկին կայարան, որը վերակառուցումից հետո կվերածվի ԹՈՒՄՈ նոր կենտրոնի:
Ներգաղթի եւ ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII Arménie) թիմի եւ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի (People in Need Armenia) թիմի ներկայությամբ դեսպանը Կապանում բացել է «Նենսի» սրճարանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Ներգաղթի եւ ինտեգրման ֆրանսիական գրասենյակի «Օգնություն Հայաստանում վերադարձին եւ վերաինտեգրմանը» ծրագրի շրջանակում: