Եվրահանձնաժողովն առաջարկել է Ուկրաինային ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհել։ «Ուկրաինան հստակորեն ի ցույց է դրել եվրոպական արժեքների եւ չափանիշներին համապատասխան ապրելու իր ցանկությունն ու վճռականությունը»,- Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալ նաեւ Մոլդովային եւ առայժմ չտալ Վրաստանին՝ Թբիլիսիին կոչ անելով դեռեւս աշխատելու քաղաքական բարենորուգումների եւ հանրության համախմբման գործում:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Վրաստանի հարցով Եվրահանձնաժողովն առաջարկել է ճանաչել նրա եվրոպական հեռանկարը, բայց թեկնածուի կարգավիճակի հարցին վերադառնալ ավելի ուշ:
Եվրամիության պետությունների եւ կառավարությունների գագաթնաժողովը հունիսի 23–24-ը կքննարկի այս հարցը: