Հունիսի 15-ին Լոռու Մարց բնակավայրում առօրյան սովորական չէր։ Մեծ ու փոքր գործերը թողած՝ տղամարդիկ գյուղամիջում հավաքվել, սպասում էին։ Եկողները Մարցի մետաղական հանքային պաշարներով հետաքրքրված «Էմ Ջի Փի Ռեսուրսիս» ընկերության ներկայացուցիչներն էին։ Նրանցից բացի՝ նաեւ մի խումբ սրտացավ մարդիկ, որ մարցեցիների կողքին կանգնելու նպատակով էին Երեւանից եւ այլ վայրերից Լոռի եկել։
Մարցիգետի հանքային դաշտի Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման տարածքում երկրաբանական ուսումնասիրությունների վերաբերյալ հանրային լսումը չկայացավ։ Բանախոսները չհասցրին անգամ մեկ նախադասություն ասել ներկաներին։
Փոխարենը Մոտկորի հանրությունը լսեց իր համերկրացի անվանի գրող Հրանտ Մաթեւոսյանի որդուն՝ Դավիթ Մաթեւոսյանին, որ ժողովրդին հորդորեց աչքի առաջ ունենալ Հայաստանի հանքերը, դրանց կից համայնքների ժողովրդի ճակատագիրը, եւ Մոտկորը հանքի բերան չգցել։
«Շամլուղը տեսեք, Ախթալան, Թեղուտը, Զանգեզուրում տեսեք՝ Քաջարանն ինչ վիճակում է, Կապանը։ Ժողովուրդը էդ հանքերում աշխատող բանվոր է, ճորտ է, ստրուկ է։ Ժողովուրդն էդ հանքերի շնորհիվ Թեղուտում եւ տարբեր տեղերում զրկվում է սեփական հողից, հիմարաբար վաճառում է սեփական հողը եւ տեղափոխվում։ Մեզ տնավեր են անում, մեր տանից հեռացնում են նաեւ հանքերի միջոցով»,- ասաց «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը։
Նա խոստացավ կյանքի կոչել «Մոտկոր՝ հատուկ գոտի» հայեցակարգն ու տեղի ժողովրդի հետ տարածաշրջանը դուրս բերել ծանր վիճակից։ Այն դեպքում, երբ համայնքը բնապահպանական, զբոսաշրջային, մեղվաբուծական եւ անասնապահական տասնյակ ծրագրերի մեծ ներուժ ունի։
«Ես, ձեզ հետ, իմ ընկերների ու համագյուղացիների հետ քննարկելով, էդ ծրագրի հայեցակարգը առաջ եմ տարել, փորձել ենք կառավարությունների հետ խոսել, եւ խաբել են, եւ անարդյունք ենք մնացել։ Հիմա միասնաբար կազմակերպելու ենք հանրային լսումներ հենց էդ «Մոտկոր՝ հատուկ գոտի» կոնցեպտի վերաբերյալ եւ էս ծրագիրն անց ենք կացնելու, որովհետեւ ավելի մեծ բրենդ, քան Մոտկորը, Թումանյանը, Մաթեւոսյանը, Հայաստանի Հանրապետությունը չունի»,- ասաց Մաթեւոսյանն ու եզրափակեց՝ գուցե դանդաղ, գուցե սխալվելով, բայց մեր կամքով, մեր ուզածով, մեր սրտով եւ մեր գործն անելով։
Մաթեւոսյանի ելույթն արեց իր գործը․ գյուղացիները միակամ լքեցին դահլիճը։ Մարցի վարչական ղեկավար Արեն Ղազարյանի հարցին էլ, թե վերջապես ով է դեմ, պատասխանեցին՝ բոլորը, եւ հայտարարեցին՝ ով դուրս է գալիս, նա դեմ է։
Հետո պարզվեց, որ հանքին կողմ մարդիկ էլ կային․ երեք-չորս տղամարդ մի քանի րոպե նստած մնացին։ Դուրս գալիս էլ ասացին՝ Մարցից չեն, բայց լոռեցի են եւ կողմ են, որ «արդյունաբերությունը զարգանա, մարդիկ աշխատատեղեր ունենան, հայերի կյանքը բարելավվի, հարկեր վճարեն»։
«Աշխատատեղ են ուզում, թող բերեն, ֆաբրիկա դնեն, զբոսաշրջությունը զարգացնեն, հանգստյան գոտիներ կառուցեն։ Իմ անձնական հողերը ես տրամադրում եմ անվճար, թող գան, արտադրություն դնեն, մարդիկ աշխատեն, օգտվեն»,- ասաց Մարցի բնակիչ Սաշիկ Արզումանյանը՝ նշելով, որ առաջին անգամը չէ, երբ իրենց խոստումներ են տալիս։
Մարցեցիների տառապանքը՝ փորձ, վրդովմունքն էլ տարիների պատմություն ունի։ Տարբեր ժամանակներում Մարցիգետի վրա կառուցված երեք կայանները ջրազրկել են գյուղն ու գյուղացուն։ Երրորդ ՀԷԿ-ի կառուցման շուրջ գյուղում բարձրացված աղմուկի, հետո մի գիշերվա մեջ «գլուխ բերված գործի» հիշողությունը դեռ թարմ է։
«Ինչ-ինչ ճանապարհներով, չգրված օրենքներով էդ պայքարը վերջացավ։ Թե ով ինչ գումարներ աշխատացրեց, ով ինչ արավ, գէսերը կանգնեցին։ Ու էսօր մեր ճանապարհների հարցին հենց էդ գէսն ա խանգարում։ Պատճառաբանում են՝ խողովակները խանգարում են, որ շինարարություն սկսվի։ Ես էսօր իրանց էլ ասեցի, որ հետո այլ ճանապարհներ չընտրեն ու գան, մարդկանց համոզեն։ Թույլ չենք տա»,- ասաց Մարցի բնակիչ Արմինե Բալայանը։
Գյուղի լավ ապագայի համար միշտ պայքարող 84-ամյա Ջանիբեկ Ոսկանյանը նույնպես ՀԷԿ-ի գործը չի մոռացել։ Ասաց՝ «Ժողովուրդը մի կտոր հացով համոզվեցին։ Հըմի ցուլիկ էլ մորթեն, էլ ըլող չի»։
«ՀԷԿ-երը կառուցել են, գյուղը ջրից զրկել, անտառները կտրել են, հիմա երրորդ շտրիխը հանքն է, որը մարդկության վերջն ա։ Մարդիկ կմահանան, մարդիկ կլքեն, ու էստեղ անապատ կդառնա։ Սաղ աշխարհը անապատներն է կանաչապատում, ջուր քաշում, բնակչություն ստեղծում, իսկ մեզ մոտ հակառակ պրոցեսն ա գնում»,- հարազատ գյուղի մասին իր մտահոգություններով կիսվեց Գարիկ Մկրտչյանը։
Ընդամենը չորս ամիս առաջ գրանցված, բայց Մարցում հեռահար նպատակներ ունեցող «Էմ Ջի Փի Ռեսուրսիս» ՍՊԸ ներկայացուցիչ, երկրաբան Մկրտիչ Կարապետյանն էլ լրագրողներին ասաց, որ գյուղում իրենց ներկայության տարիներին շատ բան կարվեր, եթե ուսումնասիրություններ անելու հնարավորություն տային։
«Մենք էլ ենք հասկանում, որ բնությունը չի կարելի փչացնել, փակ եղանակով պետք ա արդյունահանվեր։ Բայց դեռ հինգ տարի խոր ուսումնասիրություն պետք ա կատարվեր, ու գումարներ ներդնեինք դրա համար։ Էդ ընթացքում համայնքն էլ կարար օգտվեր, հողի հարկ ա, աշխատատեղեր ա։ Մենք էլ տուրիզմին դեմ չենք, կարող է մեզ հետ կապող բան լիներ, մենք էլ մի բան նախաձեռնեինք, ներդրումներ անեինք»,- Մարցի ժողովրդին չասված ասելիքը լրագրողներին փոխանցեց ընկերության ներկայացուցիչը, ապա խոսք տվեց՝ հետ չեն գալու։
Հանքարդյունահանողների համար հրապուրիչ դարձած Մարցը հերթական անգամ պաշտպանելու եկած «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանն էլ գյուղի բնակիչների հետ զրույցում անդրադարձավ հանքավայրում ուրանի առկայության ապացույցներին, որոնք խորհրդային տարիներին գաղտնի են պահվել։
«Քարտեզը պրոֆեսոր Պետրոս Ալոյանի գրքից է, իսկ նա վերցրել է Սովետական Միության՝ հանքարդյունաբերության վերաբերյալ արխիվային փաստաթղթերից։ Դրանք գաղտնի արխիվային նյութեր էին։ Միության փլուզումից հետո մի մասը հնարավոր եղավ բացել եւ ահա՝ ուրանային հանքաբեր դաշտեր։ Ու Մարցը նույնպես մտնում է այդ տարածքի մեջ։ Եթե ուրանը կա, դա բնական ամենածանր մետաղն է եւ երկու էֆեկտ ունի՝ մի կողմից գործում է որպես ծանր մետաղ, մյուս կողմից՝ ճառագայթային»,- բացատրեց բնապահպանը։
Մեծ աշխարհից կտրված ու բազում խնդիրների տակ կքած այս գյուղում բնությունը խաթարելու հաշվին ոչ մի ծրագիր այլեւս չեն ուզում․ անարդարությունից հավատը կորցրած գյուղացիներին անհնարին է ինչ-որ բանում համոզել։ Համացանցով աշխարհին միացած Մարցում արդեն լավ գիտեն՝ մարդկությունը ոչ թե կայուն աշխատավարձի, այլ մաքուր օդի, առողջ ապրելակերպի մասին է երազում։
«Մեր գյուղն էն գյուղերից է, որ մաքուր է մնացել։ Էլ ոնց կարանք կողմ լինենք հանքին։ Մեզ շահագրգռում են աշխատատեղով, բայց դա մեզ ընդհանրապես չի հետաքրքրում, մենք հանք չենք ուզում»,- ասաց երեք անչափահաս երեխաների հետ հանրային լսման եկած Ռուզաննա Բարսեղյանը։
Թումանյան համայնքի մաս դարձած Մոտկորի գյուղերը հավակնում են ոչ թե հանքավայր, այլ հանգստավայր լինել։ Հատկապես որ նախադրյալներ կան, ներդրողներ՝ նույնպես։
«Խարույկ» արշավական ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը վերջերս է Մարցում հողատարածք գնել եւ մինչեւ 40-50 հոգու համար նախատեսված վրանային ճամբար է կառուցելու։ Գումարած՝ արշավային նոր երթուղիների ստեղծում դեպի լեռներ ու մշակութային համալիրներ, պատմական վայրեր։ Ըստ նրա՝ Մոտկորի զարգացման միավորում է ձեւավորվում, որի մեջ թե՛ համայնքով եւ թե՛ համայնքից դուրս տարբեր ոլորտներով (զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, պատմամշակութային արժեքներ եւ այլն) հետաքրքրված բազմաթիվ կառույցներ են ներառված լինելու։
Մարցում հանքի գործով իրենց դուռը թակողների այլեւս չեն սպասում։ Գյուղացիներն ասացին իրենց վճռորոշ խոսքը, գյուղի վարչական մարմինն էլ արձանագրեց նրանց դիրքորոշումը՝ Մարցում հանք չի լինելու։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։