Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական եւ եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդը Երեւանում հանդիպել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Երեւանում ԱՄՆ փոխպետքարտուղար Դոնֆրիդին են ներկայացվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեության, ինչպես նաեւ տարածաշրջանում տնտեսական կապերի եւ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներում առկա զարգացումները:
Քերըն Դոնֆրիդի խնդրանքով ներկայացվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Շոշափվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը եւ Հայաստանի տեսակետներն առաջնային անվտանգային հարցերի լուծման ուղղությամբ:
Ընդգծվել է հիմնախնդրի համապարփակ եւ տեւական լուծմանն ուղղված խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում, այս համատեքստում կարեւորվել է ԱՄՆ-ի՝ որպես համանախագահող երկրի ջանքերը:
Կողմերը քննարկել են 44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրները, մասնավորապես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման ու հայրենադարձման, պատերազմի հետեւանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման հարցերը։
Կարեւորվել է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդումը, եւ ընդգծվել տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:
Քերին Դոնֆրիդին են ներկայացվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները: Շեշտվել է կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը։
Պետքարտուղարի փոխտեղակալ Քերըն Դոնֆրիդը ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ ԱՄՆ վարչակազմը կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: Նա շեշտել է, որ ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը շարունակական բնույթ է ունենալու:
Միաժամանակ ընդգծվել է ԱՄՆ առանցքային դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության եւ կարեւորել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացը Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: