Շվեդ հետաքննող լրագրող Ռասմուս Քանբյոքը Blankspot պարբերականի հոդվածում հրապարակել է նոր փաստաթղթեր, որոնք եզակի պատկերացում են տալիս հետպատերազմյան Լեռնային Ղարաբաղի շուրջ ԵԱՀԿ-ում Անն Լինդի նախագահության ժամանակաշրջանում բանակցությունների ընթացքի մասին: Դրանք ցույց են տալիս նաեւ, որ խաղաղության համաձայնագրի հասնելու համար հավելյալ ռեսուրսների տրամադրումը առաջնահերթություն չի համարվել:
Blankspot-ը ձեռք է բերել Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունների նախնական փուլում Շվեդիայի ԱԳՆ-ի մասնակցությանն ու նրանց տեսակետներին առնչվող հրապարակային որոշ փաստաթղթեր:
ԵԱՀԿ-ի առաջնահերթությունը ոչ թե խաղաղ բանակցություններն են, այլ հրադադարի պահպանումը
Blankspot-ին տրամադրված փաստաթղթերը ջրի երես են հանում պատերազմող կողմերի եւ ԵԱՀԿ-ի միջեւ փոխվստահության խնդիրները, ինչպես նաեւ կարեւոր հարցերի վերաբերյալ նրանց տարաձայնությունները՝ ներառյալ հայ ռազմագերիների կարգավիճակի հարցում։ ԵԱՀԿ-ն համարել է, որ ՌԴ ներկայությունը ԼՂ-ում համահունչ է 2009-ին ընդունված խաղաղ բանակցություններին առնչվող Մադրիդյան սկզբունքներին: Ընդսմին, Մինսկի խմբի համանախագահը թերահավատորեն է վերաբերվել ԼՂ-ում ռուսական գործողությանը եւ գերադասել է այնտեղ սկանդինավյան ներկայություն տեսնել:
Պարզվում է նաեւ՝ Անն Լինդը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է, որ 2021-ի համար ԵԱՀԿ-ի առաջնահերթությունը ոչ թե խաղաղ բանակցություններն են, այլ գործող հրադադարի պահպանումը։
Ցանկացել են՝ Անն Լինդը պահպանի նույն քաղաքական գիծը
Առաջին փաստաթղթում, որը պատերազմի վերջին փուլի՝ 2020-ի նոյեմբերի 2-ի ամսաթվով է, ասվում է, որ Շվեդիան բանակցություններ է սկսել Մինսկի խմբի համանախագահների (Ֆրանսիա, Ռուսաստան եւ ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
Ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ նամակագրությունում ասվում է, որ իրենք ցանկանում են՝ Շվեդիայի նախագահության ժամանակ Անն Լինդը պահպանի նույն քաղաքական գիծը, ինչ մինչ այժմ արել է Մինսկի խումբը: Նրանք նաեւ անդրադարձել են պատերազմի զարգացումներին։ Այլ հարցերի շրջանակներում բարձրացվել է նաեւ ռուսականի փոխարեն սկանդինավյան խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը։
Պատերազմը վտանգի տակ է դրել ԵԱՀԿ-ի բուն գոյությունը
Էնդրյու Շոֆերն ընդգծել է, որ ՌԴ-ն նախատեսում է տեղակայել սեփական խաղաղապահ զորքերը։ ԱՄՆ-ը գերադասում էր այլընտրանքներ գտնել կամ գոնե երկարաժամկետ հեռանկարում կարողանալ այլընտրանքներ առաջարկել։ Միացյալ Նահանգները հիասթափված էր, որ շատ արագ խախտվել էին հրադադարի երեք նախորդ փորձերը: ԱՄՆ պատվիրակը հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է պահպանել զինադադարը հումանիտար գործողություններ իրականացնելու նպատակով, մինչդեռ ադրբեջանական կողմը չի ցանկանում զինադադար, քանի դեռ չի իրականացրել «էական բանակցությունների» փաթեթային գործարքը։
ԱՄՆ պատվիրակը «ծիծաղելի» է անվանել հրադադարի շուրջ բանակցությունները շարունակելը, քանի որ հակամարտող կողմերը չեն կատարել հրադադարի պայմանավորվածությունները:
Ի վերջո Կասպրչիկը երկու կողմերին էլ քննադատել էր, քանի որ պատերազմը վտանգի տակ է դրել ԵԱՀԿ-ի բուն գոյությունը։
Ադրբեջանին վերաբերող փաստաթղթերի մեծ հատվածներ թաքնված են
Նոյեմբերի 12-ին՝ Ռուսաստանի օգնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից երեք օր անց, Անն Լինդը ճեպազրույց է խնդրել Մինսկի խմբից։
Համանախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ տեղին չէ կողմերի միջեւ խաղաղ բանակցություններ սկսելը, քանի դեռ «նրանք իրոք պատրաստ չեն այդ քայլին»։ Նշվել է նաեւ, որ կողմերն ունեցել են մի քանի ընդհանուր ելման կետեր, ինչը «զարմանալի» էր որակվել։
Նոյեմբերի 10-ից հետո գերի ընկած հայերին Բաքուն ռազմագերի չի համարում
Անն Լինդն անդրադարձել է ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքին, որը հետպատերազմյան շրջանի ամենացավոտ խնդիրներից է։ Պատերազմից կարճ ժամանակ անց Հայաստանը բոլոր ռազմագերիներին հանձնեց Ադրբեջանին, մինչդեռ Ադրբեջանում մնացել էր մոտ 2000 հայ գերի։
Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը Անն Լինդն ընդգծել է ռազմագերիների վերադարձի հարցը, որը պետք է լինի միջազգային իրավունքին համապատասխան։
Փաստաթղթերում նաեւ նշվում է, որ հաջորդ օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում Անն Լինդը կրկին բարձրացրել է հարցը, սակայն Բայրամովը ելույթ է ունեցել եւ նշել, որ նոյեմբերի 10-ից հետո գերի ընկած հայերը, ըստ Ադրբեջանի օրենսդրության, չեն համարվում ռազմագերիներ։
Կարգավիճակների տարբերությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին համապատասխանությունն է
Ալիեւ եւ Էրդողան զույգերի (Թուրքիա) զրույցի ժամանակ հայտնի դարձավ, որ ռազմագերիները համարվում են Հայաստանի հետ սակարկության լավ առարկա։
Այդ ժամանակվանից ռազմագերիների մի քանի փոխանակումներ են տեղի ունեցել Ադրբեջանին ականների քարտեզներ տրամադրելու դիմաց։
2022-ին Ադրբեջանում մնացել է մոտ 30 ռազմագերի, որոնք դատապարտվել են Ադրբեջանի քաղաքացիական դատարանի կողմից։ Այսինքն՝ ռազմագերի չեն համարվում։
Կարմիր խաչը նշել է, որ բանտարկյալների կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, սակայն նրանք պատրաստ են ապահովելու անվտանգ հանձնումը։
«Բանտարկյալ» եւ «ռազմագերի» կարգավիճակների տարբերությունն այն է, թե որքանով է կալանավորը համապատասխանում Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին:
Կողմերի հետ աշխատելն է եղել առաջնահերթություն
Blankspot-ը կապվել էր Շվեդիայի ԱԳՆ-ի հետ նախագահության ընթացքում Շվեդիայի առաջնահերթությունների հարցով։ ԱԳՆ-ից պատասխանել են հետեւյալը.
«Շվեդիան եւ ԵՄ-ն ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարը, քանի որ այն վերջ դրեց մարտերին, սակայն հրադադարը միայն առաջին քայլն էր դեպի խաղաղություն:
Շվեդիայի նախագահության ընթացքում խաղաղության համաձայնագրի ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկելու նպատակով կողմերի հետ աշխատելն է եղել առաջնահերթություն:
Ծանր էր աշխատել զինված հակամարտությունից անմիջապես հետո, բազմաթիվ զոհերի եւ մարդկային տառապանքների պայմաններում: Մինսկի խումբը եւ Նախագահության անձնական ներկայացուցիչը մեծ ջանքեր են գործադրել գործընթացն առաջ տանելու համար»:
Մինսկի խմբի եւ ԵԱՀԿ-ի հայտարարությունները լռության մատնվեցին
Ադրբեջանի ղեկավարության հիմնական սկզբունքն էր ԼՂ-ի ամբողջ վերահսկողությունն իրենց հանձնելը, մինչդեռ Հայաստանում չեն համարում, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Ալիեւը սպառնում է նոր պատերազմով, եթե նոր սկզբունքները չիրագործվեն:
ՌԴ-ի կողմից հակամարտության սրման եւ ավելի ուշ Ուկրաինայում ագրեսիվ պատերազմին զուգահեռ Մինսկի խմբի եւ ԵԱՀԿ-ի հայտարարությունները ԼՂ հակամարտության վերաբերյալ լռության մատնվեցին։
Առաջադեմ շվեդ լրագրող Ռասմուս Քանբյոքը հայ ընթերցողին հայտնի է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին «Ամեն օր ես դանդաղ մահանում եմ» գրքով: Շվեդիայի Blankspot պարբերականում հրապարակած մի շարք ուշագրավ հետաքննությունների, դրանց թվում նաեւ շվեդական Անվտանգության եւ զարգացման քաղաքականության գիտահետազոտական ինստիտուտի (ISDP)` Բաքվի հետ ունեցած գաղտնի կապերի բացահայտման համար ենթարկվել է Ադրբեջանի պետական ներկայացուցիչների ոտնձգություններին եւ ընդգրկվել տխրահռչակ «սեւ ցուցակում»:
Պատրաստեց Կարինե Դավոյանը