«Շունիկն է մատները կծել, մի՛ նայիր». այսպես էին արձագանքում երեխաների հետ քայլող ծնողները՝ տեսնելով Մայիսին, որը հաշմանդամություն է ձեռք բերել 90-ականներին՝ Արցախյան պատերազմի ընթացքում:
Մարտի դաշտում սարսափելի վնասվածքներով նրան մահամերձ վիճակում հասցրել են Երեւան: Մայիսը դրանից հետո 38 վիրահատություն է տարել, սակայն մինչ օրս ունի շարժվող բեկոր գլխուղեղում: Բժիշկները խուսափում են վիրահատելուց, անզգայացումն այլեւս չի ազդում:
Պատերազմի հերոսը երկար տարիներ անգամ խուսափել է տնից դուրս գալ: Նրա դուստրը՝ Աննան, պատմում է, որ Մայիսը մինչ օրս ձեռքերը չի հանում գրպաններից եւ խուսափում է մարդկանց նայելուց, չի սիրում, երբ նկատում են աչքի պրոթեզը:
«Ես ծնվել եմ ու տեսել եմ հայրիկիս հենց նման վիճակում, ինձ համար դա սովորական է եղել, սակայն միշտ տխրել եմ շրջապատի արձագանքից: Մայրիկս ու մենք՝ քույրերս, շատ ենք աշխատել հայրիկի վրա, որ նա ինչ-որ չափով դադարի բարդույթավորվելուց»,- պատմում է Մայիսի դուստրը, որ կարծում է՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար կարեւորագույն օգնությունը մարդկանց ադեկվատ ընկալողականությունն է ու հարգանքը:
Աղջիկը համոզված է՝ այդ ամենը պետք է սովորեցնել դեռ մանկուց: «Օրինակ՝ քույրերիս երեխաները, տեսնելով հաշմանդամություն ունեցող պապիկին, արդեն դրսում հանգիստ ու լավ են ընկալում նման մարդկանց: Քույրերս փոքրիկներին վաղ հասակից սովորեցնում են, որ հաշմանդամությամբ անձինք մեզ պես են, չպետք է նրանց խղճալ, նրանցից խուսափել կամ վախենալ»,- պարզաբանում է Աննան:
Թվում է՝ այժմ դպրոցներում ներառական կրթության շնորհիվ երեխաները պետք է էլ ավելի հանդուրժողաբար վերաբերվեն հաշմանդամություն ունեցողներին, չէ՞ որ նրանք կողք կողքի սովորում են տարիներ շարունակ: Սակայն ներառականացման պրոցեսն այդքան էլ հարթ չի ընթանում:
Սոցիալական հոգեբան Գերասիմ Հարությունյանը, զուգահեռներ անցկացնելով ներկայիս ու տարիներ առաջվա իրավիճակի միջեւ, նկատում է, որ այժմ մարդիկ առավել տեղեկացված են հաշմանդամություն ունեցողների խնդիրներից ու հետեւաբար ավելի հանդուրժող են: Սակայն դեռ շատերն են հաշմանդամություն ասելով հասկանում անվասայլակով կամ կույր մարդու, իսկ աուտիզմ ու մտավոր հետամնացություն ունեցող մարդկանց հանդեպ վերաբերմունքն այլ է:
Հոգեբանն այս ամենի լուծումը տեսնում է միայն կրթվածության ու իրազեկվածության մեջ, ինչը պետք է հոգան դպրոցն ու ընտանիքը: Երեխան դրական կընկալի հաշմանդամություն ունեցող անձին միայն այն դեպքում, երբ իր համար հեղինակություն հանդիսացող անձը կխոսի, կբացատրի ու կներկայացնի տվյալ մարդու խնդիրը:
Հաշմանդամություն ունեցող անձանց հազվադեպ կարելի է տեսնել դրսում, ժամանցի վայրերում: Բացի քաղաքային անհարմարություններից՝ խնդիրը նաեւ նրանց սոցիալականացման մեջ է:Դեռ մանկուց հաշմանդամություն ունեցող երեխաները չեն ապրում ակտիվ կյանքով, չեն հաճախում արտադասարանական պարապմունքների: Շատ են լինում դեպքեր, երբ այլ ծնողները դեմ են, որ իրենց երեխաների հետ նույն խմբում լինի ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող անձ: Հարցն առավել սրվում է աուտիստիկ սպեկտրով երեխաների դեպքում:
Պարուսույց Լարա Մելիքյանը կարծում է, որ անկախ հաշմանդամության տեսակից եւ խնդրի ծանրությունից՝ պարտադիր է երեխաների սոցիալականացումը։ Շատ կարեւոր պայմաններ են միջավայրին հարմարեցումը եւ թիմային աշխատանքը` ծնող, երեխա, մասնագետ համագործակցությունը:
«Այո՛, հաճախ այլ երեխաների ծնողներ դեմ են լինում եւ կարող են բոյկոտել»,- ասում է պարուսույցն ու հավելում:- Յուրաքանչյուր երեխա, անկախ նրանից՝ ունի զարգացման խանգարում, թե ոչ, պետք է շփվի իր հասակակիցների հետ եւ ինտեգրվի հասարակություն։ Ծնողը պետք է հասկանա, որ ոչ մի դեպքում ինքը կամ իր երեխան ապահովագրված չեն։ Պետք է սիրեն, ընդունեն եւ քաջալերեն խնդիր ունեցող բալիկների ծնողներին»։
Երեխաները վաղվա մեր դատավորներն են, որոնք առաջնորդվելու են մեր իսկ սովորեցրած օրենքներով: Հիշում եմ մեր դասարանում սովորող, Դաունի համախտանիշով Աղաջանին: Նա հաշմանդամություն ունեցող առաջին մարդն էր, ում ես հանդիպեցի իմ կյանքում: Այն ժամանակ ներառական կրթության ծրագիրը դեռեւս չկար, եւ Աղաջանի մայրիկը երկար էր պայքարել, որ տղան կարողանա սովորել հանրակրթական դպրոցում: Ուսուցիչներս ու ծնողներս երբեք չեն բացատրել՝ ով է Աղաջանը, ինչու է այդպիսին, միայն հորդորում էին չվնասել նրան եւ այնպես անել, որ ինքն էլ չվնասի:
Այդպես Աղաջանը տասը տարի սովորեց մեզ հետ, առանց մեր հանդուրժողականությունն ու սերը զգալու: Բայց ամիսներ առաջ, երբ նրան տեսա ֆիթնես ակումբից դուրս գալիս, հազիվ ճանաչեցի. թիկնեղ, ոճով հագնված: Չիմանայի՝ ով է, երբեք չէի հասկանա՝ ինչ խնդիր ունի:
Ահա թե ինչպես օգնեց նրան մեր դասարանում սովորելը, թեկուզ առանց ընկերների եւ առանց մեր աջակցության: