Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր գրառման մեջ ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումի ժամանակ։
«Բավականությամբ կարդացի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հնչեցրած հայտարարությունը՝ «եկել է խաղաղության եւ համագործակցության հաստատման» եւ Հայաստանի հետ դրական դինամիկայից հետո «գործնական իրականացմանն անցնելու ժամանակը»: Եվրամիությունը վճռականորեն աջակցում է դրան», -մասնավորապես գրել է Կլաարը:
Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացված համաժողովի ժամանակ իր ելույթում Ալիեւը հայտարարել էր, մասնավորապես, որ «եթե երկու կողմերն էլ աշխատեն բարի կամք դրսեւորելով, ապա մեկ տարվա ընթացքում մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել»:
Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը սպառնացել էր, որ եթե հայկական կողմը շարունակի բարձրացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դա կարող է հանգեցնել նոր առճակատման՝ պնդելով, թե կարգավիճակի մասին չխոսելու «բանավոր պայմանավորվածություն կա»:
«Հայաստանի կամ որեւէ այլ երկրի կողմից Մինսկի խմբի վերաբերյալ ցանկացած շահարկում նյարդայնացնում է Ադրբեջանին: Մենք լուծել ենք հակամարտությունը, Մինսկի խմբի մշակած Մադրիդյան սկզբունքներն իրագործվել են: Հիմա մենք պետք է մտածենք ինչպես կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ եւ խաղաղության պայմանագիր ստորագրենք»,- նաեւ ասել էր Ալիեւը: