Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան գերմանական ARD հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ արեւմտյան զենքի մատակարարման դադարեցման դեպքում Ուկրաինան կշարունակի դիմակայել Ռուսաստանին եւ ռազմական գործողությունները կիրականացնի բահերով: Նախարարը Արեւմուտքին հորդորել է արագացնել զենքի մատակարարումը Կիեւին։
Կուլեբան խոստովանել է, որ Կիեւի ռազմական ռեսուրսները զգալիորեն զիջում են Մոսկվայի հնարավորություններին։ Նախարարը հավելել է, որ Արեւմուտքը չպետք է աջակցի այն գաղափարին, թե Ուկրաինան կհամաձայնի զիջումներին զենքի մատակարարման բացակայության դեպքում։
Ուկրաինայի արտգործնախարարն Արեւմուտքին կրկին կոչ է արել օգնել Ուկրաինային հաղթելու։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է անտեսեն դիվանագիտական կարգավորման կոչերը եւ աջակցեն Կիեւին՝ նրան մեծ քանակությամբ ժամանակակից ծանր սպառազինություն մատակարարելով։
Հունիսի 16-ին հայտնի է դարձել, որ արեւմտյան երկրները Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բեել։ Մասնավորապես, արգելք է դրված մի շարք զինատեսակների վրա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան որոշել է Կիեւին ինքնաթիռներ եւ տանկեր մատակարարել՝ հավելելով, որ այդ համաձայնության մասին Ուկրաինան տեղյակ է։
Լեհաստանի նախկին արտգործնախարար եւ Եվրախորհրդարանի ներկա պատգամավոր Ռադոսլավ Սիկորսկին իր հերթին պնդել է, որ Եվրոպան իրավունք ունի Ուկրաինային միջուկային զենք տրամադրելու։