Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն անդրադարձել է օրակարգային մի շարք հարցերի, դրանց թվում՝ Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլահիանի՝ Թուրքիա սպասվող այցին եւ թուրք-իրանական հարաբերություններին։ Խաթիբզադեն նշել է, որ Իրանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները շատ բազմաշերտ եւ ռազմավարական են։
«Տարածաշրջանում մեր ամենակարեւոր հարցերից մեկը Թուրքիայի հետ համագործակցությունն է։ Վերջին տարիներին Թուրքիայի հետ ունենք ամենալավ հարաբերությունները»,- նկատել է Խաթիբզադեն: Նա հավելել, որ կողմերը փորձում են նշյալ այցը կազմակերպել առավել հարմար ժամկետում։ Նրա կարծիքով՝ Աբդուլահիանը Թուրքիա կմեկնի առաջիկայում։
Անդրադառնալով Թուրքիայի՝ Սիրիայում հնարավոր ռազմական գործողություններին՝ խոսնակն ասել է, որ լրատվամիջոցների հնչեցրած մեղադրանքներին պատասխանելու հարկ չկա:
«Սիրիայի վերաբերյալ որոշ տարաձայնություններ կան, իհարկե, փորձել ենք այդ հարցը լուծել Աստանայի գործընթացի մեխանիզմներով»,- շեշտել է Խաթիբզադեն:
Ըստ նրա՝ Աստանայում վերջին հանդիպման ժամանակ իրանական կողմն ընդգծել է, որ պատերազմը լուծում չէ, եւ որ անհրաժեշտ է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։
Խաթիբզադեն նաեւ նշել է, որ իրենց դիրքորոշումը հստակ փոխանցել են նաեւ Թուրքիայի իրենց գործընկերներին։