ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ հակակոռուպցիոն կոմիտեի եւ Միացյալ Նահագների հետաքննությունների դաշնային գրասենյակի (ՀԴԳ) միջեւ Համագործակցության հուշագիր է ստորագրվել։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Մուշեղ Բաբայանը հունիսի 12-17-ը պաշտոնական այցով Վաշինգտոնում էր:
Այցի ընթացքում քննարկվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, դրանց թվում՝ փողերի լվացման, ապօրինի հարստացման վերաբերյալ գործերի քննության մեթոդիկային առնչվող հարցերը։ Ներկայացվել են նշված իրավախախտումների քննության հիմնական մարտահրավերներն ու դրանց հաղթահարման համար օգտագործվող գործիքակազմի կիրառման օրինակները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում կիրառվող նորարարական մոտեցումները:
ԱՄՆ գործընկերները հանդիպումների ընթացքում շեշտել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը եւ վերջինիս հետ համագործակցությունը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում համարում են հաջողված օրինակ եւ ձգտում են ընդլայնելու Կոմիտեի հետ գործընկերային հարաբերությունները:
«Հուշագրի ստորագրման նպատակն է ապահովել համանման գործառույթներ իրականացնող երկու կառույցների միջեւ անմիջական հաղորդակցությունն ու տեղեկատվության փոխանակումը։ Բացի դրանից՝ հուշագիրը կնպաստի համագործակցությանը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում, փոխանակման ծրագրերի, դասընթացների, աշխատանքային քննարկումների կազմակերպումը»,– ասված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ հետաքննությունների դաշնային գրասենյակի եւ ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոյի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել կոմիտեի կազմի վերջնական համալրումից հետո վերապատրաստման դասընթացներ եւ ուսուցողական այցեր իրականացնել։
Դրանք ուղղված են լինելու հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ կարողությունների զարգացմանն ու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանը: