ԵՄ երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ներկայիս դրությամբ Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն, ինչպես նաեւ նրանց անդամները լիակատար միասնություն են դրսեւորել եւ ակտիվացրել համագործակցությունը:
«ԵՄ-ՆԱՏՕ ռազմավարական գործընկերությունն էլ ավելի հուսալի եւ հրատապ է եվրատլանտյան անվտանգության այս օրհասական պահին, քան երբեւիցե»,- ասված է ԵՄ արտաքին գործերի խորհրդի՝ Լյուքսեմբուրգում հունիսի 20-ին ընդունված որոշման մեջ:
Նախարարներն ի գիտություն են ընդունել յոթերորդ հաշվետվությունը ռազմավարական գործընկերության 74 համատեղ նպատակների իրականացման ընթացքի մասին, որոնք համաձայնեցվել են 2016-ի դեկտեմբերի 6-ի եւ 2017-ի դեկտեմբերի 5-ի հայտարարություններում:
Ղեկավար մարմինների եւ աշխատանքային խմբերի մակարդակով քաղաքական խորհրդակցություններից բացի` համագործակցություն է հաստատվել ռազմավարական հաղորդակցությունների եւ ապատեղեկատվությանը դիմակայելու բնագավառում։
Հաստատվել է նաեւ պաշտպանական պլանավորման համաձայնեցում այն դեպքերում, երբ պահանջները մասնակիորեն համընկնում են, երկխոսություն ռազմական շարժունակության հարցերի շուրջ եւ շտաբային փոխգործակցություն Ուկրաինայում։