Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է երկրի կոալիցիոն կառավարության լուծարման մասին, ինչը նշանակում է նոր ընտրությունների անցկացում։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Բենեթը եւ նրա գլխավոր կոալիցիոն գործընկեր Յաիր Լապիդը մոտ օրերս կցրեն խորհրդարանը։ Մինչ նոր կառավարության ձեւավորումը կաբինետը ժամանակավորապես կղեկավարի Լապիդը:
Բենեթի կառավարությունը փխրուն էր հիմնադրումից ի վեր՝ մեկ տարի առաջ, լինելով ութ տարբեր կուսակցությունների կոալիցիա՝ ներառյալ աջերը, լիբերալները եւ մահմեդական արաբական կուսակցությունները:
Կոալիցիան սկսեց քանդվել, երբ Բենեթի կուսակցության մի քանի անդամներ դուրս եկան դրանից՝ հայտարարելով, թե վարչապետը չափազանց շատ զիջումներ է անում գործընկերներին:
Նոր խորհրդարանական ընտրությունները հինգերորդը կլինեն Իսրայելում վերջին երեք տարվա ընթացքում: