Աշխարհասփյուռ հայության միջոցներով «Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախում ճանապարհներ է կառուցում, տներ շինում եւ ջուր հասցնում՝ մեղմելով 44-օրյա աղետալի պատերազմի հետեւանքները:
50 կիլոմետր երկարությամբ ճանապարհներ են կառուցվում Կոճողոտում ու Կաղարծիում, Վերին ու Ներքին Հոռաթաղում, Մարտակերտ-Ճանկաթաղ եւ դեպի Դահրավ, Աստղաշեն ու Պատարա տանող հատվածներում:
Վերանորոգվող, կառուցվող ճանապարհներից մեկն անցնում է Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղով: Համայնքապետ Արթուր Գրիգորյանը պատմում է, որ Աստղաշեն-Պատարա ճանապարհը մեծ նշանակություն է ունենալու երկու գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացման համար: «Կզարգանա զբոսաշրջությունը, եւ կապը մեր մայրաքաղաք Ստեփանակերտի հետ ավելի հարմար կլինի»,- ասում է Գրիգորյանը:
Աստղաշենի հարեւանությամբ՝ դեպի Պատարա, նոր բնակավայր է կառուցվում՝ ավելի քան 200 տուն: Այս տները Ասկերանի շրջանի օկուպացված համայնքների՝ տունը կորցրած բնակիչների համար են։ Այսօր Աստղաշենում հաստատվել է 30 տեղահանված ընտանիք՝ 130 բնակիչ:
Տեղահանվածներ կան նաեւ Պատարա գյուղում. դպրոցում սովորող 160 աշակերտներից 73-ը այստեղ հաստատվել է 44-օրյա պատերազմից հետո:
Դպրոցի տնօրեն Արթուր Ջահանգիրյանն ասում է՝ լավ ճանապարհը տնտեսության, զբոսաշրջության եւ բոլոր ոլորտներում հաջողության բանալին է: «Երբ ճանապարհը կա, բոլոր ուղղություններով հաջողություններ են սպասվում»,- ասում է նա:
Պատարայի գյուղապետ Վալերի Ղահրամանյանը կարծում է, որ ճանապարհը թե՛ գյուղի, թե՛ պետության համար կարեւոր նշանակություն ունի: «Համոզված եմ, որ հոսքը դեպի գյուղ ավելի կշատանա, որովհետեւ մեր բնությունը շատ գեղեցիկ է, հանգստանալու համար շատ տեսարժան վայրեր եւ մոտ 200 կոթողներ ունենք»,- ասում է նա:
Արցախի կառավարությունը Պատարայի անտառներից բխող գետի ջուրը խողովակաշարով հասցնում է Ստեփանակերտ, որտեղ անցյալ տարի խմելու ջրի լրջագույն պակաս կար:
«Արցախի կառավարությունը խոստացել է, որ կարճ ժամանակում ճանապարհը պիտի ասֆալտապատվի մինչեւ Պատարա, գյուղի մեջ կենտրոնական ճանապարհը եւս պիտի անպայման ասֆալտապատվի: Աշխատանքներն ուշանում են այն պատճառով, որ գյուղից վերեւ ջրամբար է կառուցվում, այդ ջրամբարի համար խողովակաշարերը որ շարվում են, մի քիչ դժվարություն է առաջանում, պիտի այդ աշխատանքները վերջացնեն, դրանից հետո սկսվեն ասֆալտապատման աշխատանքները»,- ասում է Պատարայի գյուղապետը:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։