Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի Սիստանի եւ Բելուջստանի նահանգի գլխավոր հետախուզական վարչությունը ձերբակալել է երեք անձի: Վերջիններիս պնդմամբ իրենք Իսրայելի «Մոսսադ» հետախուզության օպերատիվ աշխատակիցներ են:
Զահեդան քաղաքի՝ Սիստանի եւ Բելուջստանի վարչական կենտրոնի դատախազ Մեհդի Շամսաբադին հայտնել է, որ ձերբակալվածների դեմ բազմաթիվ լուրջ հանցանշաններ կան, ուստի նրանք իրենց կալանավորումը չեն էլ փորձել գանգատարկել: Դատախազը նշել է, որ այս փուլում շարունակվում են քննչական միջոցառումները, հուլիսի վերջին դատախազությունը կպատրաստի մեղադրական եզրակացություն եւ այն կուղարկի դատարան:
Իրանական հետախուզության աշխատակիցները մի քանի ամսվա ընթացքում հետեւել են «Մոսսադ»-ի օպերատիվ աշխատակիցների՝ Իրանի տարածքում ծավալած գաղտնի գործունեությանը: Մեղադրական կողմը համոզված է, որ ձերբակալվածները նախապատրաստել են իրանցի միջուկագետ գիտնականների վրա հարձակումները: Մեղադրանքների թվում հիշատակվում է նաեւ գաղտնի տվյալների տարածումը:
Միաժամանակ ընթանում է գաղտնի տեղեկությունների արտահոսքին մասնակից անձանց բացահայտման աշխատանքը:
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (Իրանի զինված ուժերի էլիտար զորամասեր) երկրի հետախուզության նախարարության հետ համագործակցությամբ վնասազերծել է Իսրայելի հատուկ ծառայությունների օգտին աշխատող եւս մեկ խմբավորման: