Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը հայտնել է, որ փառատոնի «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագրի շրջանակում կներկայացվեն Արցախյան 44-օրյա պատերազմին անդրադարձող ֆիլմեր:
Ավետիսյանը նշել է, որ Արցախյան պատերազմի թեման անտեսելու մեղադրանքները մերկապարանոց են, քանի որ մեղադրողներն անգամ չեն տեսել փառատոնի ծրագիրը, քանի որ այն դեռեւս հրապարակված չէ: «Ավելին՝ 19-րդ «Ոսկե ծիրանի» փակման ֆիլմը հայկական անդրադարձ է 44-օրյա պատերազմին»,- շեշտել է Ավետիսյանը:
Ավելի վաղ համացանցում գրառում էր տարածվել, ըստ որի՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մերժել է կինոբեմադրիչ Մարիամ Ավետիսյանի՝ Արցախի մասին պատմող «Ապրելու ցանկություն» (The Desire to live) վավերագրական ֆիլմը:
«Ոսկե ծիրան»-ի Երեւանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակի ղեկավար Ռոզա Գրիգորյանն էլ հայտնել է, որ փառատոնային օրերին ծրագրի շրջանակում կցուցադրվեն եգիպտացի ռեժիսոր Էսամ Նագիի «Մոռացված հայրենիք», ուրուգվացի ռեժիսոր Ֆեդերիկո Լեմոսի «Մենք ենք մեր սարերը», հույն ռեժիսոր Թոմաս Սիդերիսի «Լեռնային Ղարաբաղի նռները» եւ հայաստանցի ռեժիսոր Արման Երիցյանի «Դիմակայություն» ֆիլմերը։
Cannes L’ACID Special ծրագրի շրջանակում էլ կցուցադրվի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա) ֆիլմը։
«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը: Կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Փառատոնի շրջանակում կցուցադրվի շուրջ 100 ֆիլմ: