Հունիսի 17-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ամփոփվեցին «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպության նախագծային կրթության մեթոդով խորհրդային ու հետխորհրդային շրջանների պատմության ուսումնասիրության ծրագրի աշխատանքների արդյունքները:
Ծրագրին մասնակցել են Շիրակի, Տավուշի մարզերի, Երեւանի 224 աշակերտներ, որոնք մարդկանց պատմություններով հետազոտել են վայրեր, ուսումնասիրել խորհրդային անցյալը։
Նրանց քառասունվեց աշխատանքներից տասնչորսը մրցանակներ ստացան մի քանի անվանակարգերում: Պրոֆեսիոնալ ժյուրին ուսումնասիրել էր յուրաքանչյուր հետազոտությունը, առանձնացրել լավագույնները:
Միջոցառմանը ներկա էր նաեւ EUSTORY-ի գործադիր տնօրեն, գերմանական «Քյորբեր» հիմնադրամի ներկայացուցիչ Կատյա Ֆաուսերը: Արդեն 50 տարի է՝ «Քյորբեր» հիմնադրամը Գերմանիայում իրականացնում է պատմությունների այս մրցույթը: Առաջին անգամ Հայաստան այցելած Ֆաուսերին հայ աշակերտների ստեղծագործականությունն էր գրավել։ «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նա հույս հայտնեց, որ առաջին անգամ ՀՀ-ում իրականացվող պիլոտային ծրագիրը վերջինը չի լինի:
«Ես տեսնում եմ, որ երիտասարդների համար շատ դժվար է ինչ-որ պատկերացում կազմել խորհրդային երկրի մասին, որովհետեւ նրանք հարցեր են տալիս ԽՍՀՄ-ում ապրող մարդկանց, իսկ նրանց ընկալումները շատ տարբեր են. մի մասը նոստալգիկ հիշողություններ ունի, մի մասը՝ տրավմատիկ: Այժմ նկատելի է երեխաների մտածողության փոփոխությունը: Սկսել են նայել ոչ այն ուղղությամբ, որն իրենց դպրոցում են սովորեցնում, այլ փոխել տեսանկյունը, հարցեր տալ ու փորձել ինքնուրույն գտնել պատասխանները»:
Աշակերտներն ամիսներ շարունակ հետազոտել ու բանավոր զրույցների մեթոդով վերհանել են իրենց համայնքի որեւէ կառույցի, հուշարձանի կամ, օրինակ, փողոցի պատմությունը: «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանն ասում է, որ ծրագրի առջեւ դրած նպատակներից հետազոտությունն ու նախագծային կրթության ուսուցումն իրագործել են: Երեխաները հասկացել են, որ կարող են նախագիծ իրականացնել, այդպես սովորել։
Ծրագրի մյուս նպատակն այն է եղել, որ աշակերտները հասկանան՝ պատմությունը միայն այն չէ, ինչ գրված է դասագրքերում: Համայնքների զարգացումները, փոփոխություններն այնտեղ ապրած մարդկանց հիշողություններում են, եւ նրանց պատմությունները կարող են տարբերվել այն ամենից, ինչ տեսնում ենք ամսագրերում, թերթերում, դասագրքերում: Այս առումով էլ, ըստ Հակոբյանի, հաջողել են:
Ծրագրի վերջին խնդիրն էլ եղել է պատմել այն մասին, թե ինչպիսին էր ԽՍՀՄ-ը, եւ դրա փլուզումից հետո ինչ զարգացումներ եղան: «Վերլուծելու, համադրելու եւ եզրակացության հանգելու դժվարություն կար, մի փոքր թույլ էին աշակերտները: Այստեղ որոշակի խնդիր կար ուսուցիչների հետ, որովհետեւ նրանց մի մասը խորհրդային երկրում էր ապրել, տարբեր կարծիքներ ունեին»:
Ծրագրի՝ բանավոր եւ տեղական պատմության գծով փորձագետ Լուսինե Խառատյանը նշեց՝ եթե մարդը մի անգամ առնչվում է բանավոր, տեղական պատմությանը, այն ամբողջ կյանքում իր հետ է լինում: «Վստահ եմ, որ այն փոփոխությունը, որը ձեր մեջ եղել է, դուք էլ ձեր միջավայր եք տանելու»,- դիմելով աշակերտներին՝ ասաց նա:
Ծրագրի մյուս փորձագետ Ռուզաննա Ծատուրյանն էլ ոգեւորված էր թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների կամավոր ջանքերով, պատրաստակամությամբ: «Միկրոպատմությունների միջոցով հետ նայելը բոլորիս մի քիչ ավելի իմաստուն է դարձրել եւ օգնել է սերունդների հետ կապը պահել, ինչը մենք՝ որպես ազգագրագետ, շատ ենք կարեւորում»:
Նախագծի «Լավագույն աշխատանք» անվանակարգում մրցանակի արժանացան Երեւանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի թիմը՝ «Ազատության պողոտայի էվոլյուցիան» աշխատանքով, Սեւքարի միջնակարգ դպրոցի թիմը՝ «Կլուբի եկեղեցին» աշխատանքով եւ Դիլիջանի չորրորդ հիմնական դպրոցի թիմը՝ «Մոռացված պատմության հետքերով. Դիլիջանի «Իմպուլս» գործարան» աշխատանքով:
ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի պատմության ուսուցիչ Աշոտ Եղիազարյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց՝ «Պատմության մրցույթները» աշակերտների հետազոտական ձիրքը խրախուսող ծրագիր էր, որի շնորհիվ նաեւ տարբեր հմտություններ ձեռք բերեցին: «Բանավոր պատմություններն այն պատմություններն են, որոնք կենդանի շնչառություն ունեն՝ ի տարբերություն մեռած դասգրքային ձեւակերպումների: Երեխաները սեփական փորձով զգացին, հետո էլ ամենատարբեր եղանակներով շարադրեցին այդ պատմությունը»:
Ներկայացված աշխատանքներից մի քանիսն անհատական էին: Տավուշի մարզի Այգեձորի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անի Օրդյանն այն համարձակներից էր, որ ամբողջ աշխատանքն ինքնուրույն էր արել: Դասընկերների չմասնակցելն Անին պայմանավորում է ոչ ֆորմալ կրթության բացակայությամբ: Ասում է՝ հասակակիցներից շատերը միայն դասարանային համակարգ, գնահատական, դասագիրք են ընդունում: Աշակերտուհին, հակառակ դրան, բանավոր պատմությունների մեթոդով հետազոտել էր իրենց գյուղի «Լորիսի աղբյուրը»:
«Ապրելով Այգեձորում՝ գրեթե ոչինչ չգիտեի այդ աղբյուրի մասին: Հետազոտելուց հետո եմ հասկացել՝ ինչ մեծ նշանակություն ունի այն ոչ միայն մեր, այլեւ տարածքի մյուս գյուղերի համար: Հայաստանի այն մասնիկը, որի մասին խոր պատկերացում կկազմեմ, կդառնա իմը»:
Հոկտեմբերին Հայաստանում ճամբար կանցկացվի, որին կմասնակցեն լավագույն աշխատանքների հեղինակները: Հայաստանն աշակերտներ կհյուրընկալի Մոլդովայից, Վրաստանից եւ Ուկրաինայից:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: