ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, մեկնաբանելով Ռուսաստանի եւ Լիտվայի հարաբերություններում ստեղծված լարվածությունը, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակում իր պարտավորություններին:
«Լիտվան ՆԱՏՕ-ի անդամ է: Դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում բոլոր անդամների վրա: Մենք ուժեղացրել ենք ՆԱՏՕ-ի արեւելյան թեւը»,- պարզաբանել է Փրայսը:
Ավելի վաղ Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը տեղեկացրել էր, որ հունիսի 17-ից հակառուսական պատժամիջոցների պատճառով որոշ ապրանքներ այլեւս չեն կարող Ռուսաստանից Լիտվայի տարածքով տարանցվել Կալինինգրադի մարզ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից զգուշացրել են, որ եթե մոտ ապագայում բեռնափոխադրումը ամբողջությամբ չվերականգնվի, Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու երկրի ազգային շահերը:
Նախնական գնահատականով՝ արգելվել է Կալինինգրադի եւ ռուսական այլ շրջանների միջեւ փոխադրվող ապրանքների 40-50%-ի տարանցումը, մասնավորապես ցեմենտը, մետաղներ եւ այլ շինանյութեր:
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել էր, որ այլ երկրների տարածքում Ռուսաստանի շահերի ոլորտում լրացուցիչ ռազմաճակատների բացումը շատ կօգներ Ուկրաինային: Իբրեւ երկրորդ ճակատի բացման օրինակ նա բերել էր Վրաստանի տարածքը, ինչպես նաեւ Կուրիլյան կղզիներն ու Կալինինգրադի մարզը։