Ըստ թուրքական TGRT հեռուստաալիքի՝ Թուրքիայում 2023-ի ամռանը նշանակված նախագահական ընտրություններն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան նախատեսվածից մեկ ամիս շուտ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն առաջարկել է ընտրություններն անցկացնել ոչ թե հունիսի 18-ին, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այլ մայիսի 14-ին։
Կուսակցությունում մտավախություն կա, որ քվեարկության երկրորդ փուլի հնարավորությունը, որն, ըստ նախնական ժամկետների, պետք է տեղի ունենա հուլիսին, արձակուրդային սեզոնի մեկնարկով պայմանավորված կարող է ընտրողների ցածր մասնակցություն ապահովել:
Մյուս կողմից՝ նշանակված ընտրությունների ժամկետն, ըստ հեռուստաալիքի, համընկնում է բուհերում անցկացվող քննությունների հետ, ինչը նույնպես կարող է բացասաբար անդրադառնալ մասնակցության ակտիվության, ինչպես նաեւ քվեարկության արդյունքների վրա։
«Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն ընտրությունների ամսաթվի հնարավոր տեղափոխության առաջարկի մասին դեռեւս պաշտոնական հայտարարություն չի արել: