ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը կշարունակի սերտորեն աջակցել Հարավային Կովկասում հաղորդակցության ապաշրջափակմանը։
«Մենք ողջունում ենք Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը»,- ասել է Զախարովան:
Նա հիշեցրել է, որ հունիսի 3-ին տեղի է ունեցել հերթական նիստը, կողմերը մոտեցրել են դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ։ Քննարկումները շարունակվեցին հունիսի 16-17-ը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներին, ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ հանձնաժողովի երկրորդ նիստը շուտով տեղի կունենա Մոսկվայում։
«Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը, ծագող խնդիրները հաստատում են սահմանի սահմանազատման հանձնաժողովի պլանային ու կանոնավոր աշխատանքի արդիականությունն ու անհրաժեշտությունը»,- ասել է Զախարովան:
Ըստ նրա՝ Ռուսաստանը պատրաստ է ամենամոտ ժամանակներս Մոսկվայում անցկացնելու սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը, ինչի մասին կողմերը պայմանավորվել են մայիսի 24-ին:
Միաժամանակ կարեւոր է քայլեր ձեռնարկել սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչպես եւ արձանագրված է երեք երկրների առաջնորդների հայտարարության մեջ։ Մասնավորապես՝ Սոչիում 2021-ի նոյեմբերի 26-ի հայտարարության մեջ։