ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել։ Վանեցյանը միաժամանակ հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ իր գլխավորած «Հայրենիք» կուսակցության որոշմամբ դե յուրե եւ դե ֆակտո դադարում է գոյություն ունենալուց ՀՀԿ-ի հետ ձեւավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։
Ընդդիմադիր ճամբարում նման զարգացումները միանգամայն սպասելի էին։
Մի կողմից տեւական ժամանակ է՝ լուրջ հակասություններ կան խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների միջեւ։ Ընդ որում՝ այդ հակասությունները եղել են դեռ մինչեւ փողոցային պայքարի դուրս գալը։ Իսկ արդեն փողոցային պայքարի ժամանակ նրանց հակասությունները բացահայտ դարձան։ Անգամ, հիշում եք, Վանեցյանը բուժման մեկնելու պատրվակով մի քանի օրով հեռացավ Հայաստանից, իսկ արդեն վերջին շրջանում չէր երեւում ընդդիմադիր հարթակում, թեեւ հենց ինքն էր առաջինը հայտարարել անժամկետ բողոքի ակցիաներ սկսելու մասին, երբ ապրիլի 17-ին գնաց Ազատության հրապարակ ու խոստացավ չվերադառնալ խորհրդարան։
Կարճ ժամանակ անց փողոց դուրս գալու մասին հայտարարեց նաեւ խորհրդարանական ընդդիմադիր մյուս ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը՝ ազդարարելով ապակենտրոն, ցանցային պայքարի մասին ու փորձելով «արթնացնել» քնած Լաոյին։
Բացի այդ՝ ընդդիմադիր հարթակում պարզապես բացակայում էր քաղաքական միտքը։ Այս ողջ ընթացքում ընդդիմության խոսույթը «թուրք», «դավաճան» պիտակավորումներից այն կողմ չանցավ, չհնչեց որեւէ քաղաքական միտք, չներկայացվեցին խնդիրների լուծման տարբերակներ, անգամ ընդդիմադիրները չէին հստակեցնում, թե ով է վարչապետի իրենց թեկնածուն, եթե բանը հասներ իշխանափոխության։
Հետեւանքը եղավ այն, որ իշխանափոխության հայտ ներկայացրած ընդդիմությունը, ներդնելով ողջ ռեսուրսը, շատ արագ սպառեց իրեն` չկարողանալով մարդկանց փողոց հանել ու հրապարակը պահել։ Սա տիտղոսային ընդդիմության երկրորդ ֆիասկոն էր, այս անգամ՝ արդեն վերջնական (առաջինը՝ պատերազմից հետո Հայրենիքի փրկության շարժումն էր)։ Ընդ որում՝ այս անգամ ֆիասկոն կատարյալ է, կարելի է ասել՝ վերջնական։
Ու որքան էլ հիմա ընդդիմադիրները պայքարի մարտավարության փոփոխության անվան տակ փորձեն ինչ-որ քայլեր անել, ակնհայտ է` այս ամենը սովորական «հետցնցումներ» են, ոչինչ ավելի։ Իշխանափոխություն անելու նրանց հնարավորությունները սպառված են՝ անկախ դրա համար առկա ու դեռ սպասվելիք «նպաստավոր պայմաններից»։
Վանեցյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու հայտարարությունը հիմա նոր իրավիճակ է ստեղծել։
Նրա քայլից հետո ընդդիմադիր մյուս պատգամավորները, այդ թվում՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչները, կամ պետք է հետեւեն Վանեցյանի օրինակին՝ իրենք էլ վայր դնեն մանդատները, կամ շարունակեն աշխատել խորհրդարանում, բայց արդեն որպես կապիտուլյացիայի ենթարկված ուժ, որը չի տիրապետում ընդդիմության համար ամենակարեւոր գործոնին՝ հասարակական աջակցությանը, եւ որին իշխանությունը չի վարանելու առիթ-անառիթ հիշեցնել պայքարի անփառունակ ավարտի մասին (առանց այն էլ արդեն այդ արշավը սկսվել է)։
Իդեալական կլիներ, եթե ոչ միայն ընդդիմադիր պատգամավորները հրաժարվեին իրենց մանդատներից, այլեւ նրանց ընտրացուցակներում ընդգրկված թեկնածուները միահամուռ հրաժարականի դիմումներ ներկայացնեին ԿԸՀ՝ իշխող ՔՊ-ին այսպիսով թողնելով բացարձակ միայնակ։ Ու թեեւ այս պարագայում ՔՊ-ն ԱԺ-ում կշարունակեր ունենալ բացարձակ մեծամասնություն՝ անարգել օրենքներ ընդունելու համար, սակայն կստեղծվեր իրական ներքաղաքական ճգնաժամ, իսկապես աննախադեպ իրավիճակ։ Սա ընդդիմության համար կլիներ դեմքը փրկելու թերեւս միակ շանսը։
Սակայն պարզ է, որ ընդդիմադիր պատգամավորները, այդ թվում՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունում Վանեցյանի կուսակցության քվոտայով մանդատ ստացածները, չեն թողնի տաքուկ անկյունը, չեն թողնի պատգամավորական մանդատի առավելությունները, աշխատավարձը, հավելավճարներն ու գործուղումների հնարավորությունները, այլ տարատեսակ պատրվակներով, ժողովրդին ծառայելու անվան տակ կշարունակեն աշխատել խորհրդարանում։ Թեեւ երկու խմբակցությունն էլ ԱԺ-ում հայտնվելու քվե է ստացել ամենեւին ոչ դրա համար։
Թեեւ բացառված չէ, հակառակը, ավելի հավանական է, որ այս ամենը մեծ խաղի մի փոքր դրվագ է, որտեղ եւ Ռոբերտ Քոչարյանն իր «Հայաստան», Սերժ Սարգսյանն իր «Պատիվ ունեմ» խմբակցություններով պարզապես խաղաքար են, գործիք՝ անհրաժեշտ պահի անհրաժեշտ քայլերն անելու համար, ուրիշ ոչինչ։
Այս խաղից իշխանությունն ինքն էլ շահած դուրս չի եկել։ Հաղթանակը թվացյալ է, ժամանակավոր։ Ընդդիմության պարտությունը ցույց տվեց, որ «խաղաղության օրակարգին» Հայաստանում դեմ է շատ փոքր շրջանակ, իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որ կդրվի սեղանին, եւ չի կարողանա խուսանավել՝ պատճառաբանելով, թե երկրի ներսում իր քայլը չի ընդունվի։
Իսկ ո՞ւմ էր ձեռնտու այս ամենը՝ խաղից հանել ընդդիմությանը, միաժամանակ, պյուռոսյան հաղթանակ ապահովելով իշխանության համար, վերջինիս դնել անելանելի դրության մեջ, դժվար չէ ենթադրել՝ հաշվի առնելով այդ ուժերի ու գործիչների «ծագումնաբանությունը», միաժամանակ ընթացող ու առաջիկայում սպասվող իրադարձությունները։
Ամեն դեպքում պարտիայի ավարտից հետո շախմատի բոլոր խաղաքարերը հայտնվում են նույն տուփում ու դրվում դարակը։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: