Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Յուրի Զուբովը հայտնել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի առնվազն 170 հազար աշխատակից, որոնք կազմում են ոլորտում ներգրավված մասնագետների մոտ 15%-ը:
Ելույթ ունենալով Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության հարցերի հանձնաժողովում՝ նա նշել է, որ մասնագետների պակասի հիմնական պատճառը դարձել է երկրից նրանց արտագաղթը:
Զուբովը հորդորել է տեղեկատվական ոլորտի օտարերկրացի մասնագետների տեղափոխումը Ռուսաստան գրավիչ դարձնելու միջոցներ ձեռնարկել: Մասնավորապես նա առաջարկել է ազատականացնել օտարերկրացի մասնագետներին Ռուսաստանում կացության իրավունք տրամադրելու՝ վերջերս Պետդումայում ընդունված օրենքը:
Ռուսաստանի իշխանությունները նախքան այդ լուրջ չեն ընդունել ՏՏ ոլորտում մասնագետների զանգվածային հեռանալու խնդրի կարեւորությունը:
Մասնավորապես վարչապետ Միխայիլ Միշուստինը մայիսին նույնիսկ պնդել է, որ նման կարգի տեղեկությունները դիտավորյալ են դրվում շրջանառության մեջ: Ավելին՝ ՌԴ վարչապետը հավաստիացրել է, որ երկիրը լքած մասնագետների 85%-ն արդեն վերադարձել է հայրենիք: